Այսօր հայտնի դարձավ ՊԵԿ նոր ղեկավարի անունը, որը «Գազպրոմ Արմենիայի» նախկին տնօրեն Վարդան Հարությունյանն է: Ակնհայտ է, որ այդ թեկնածությունը նոր վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունն է, ինչը լիովին հասկանալի է որևէ պարագայում:
Կարեն Կարապետյանը բավական բարդ թե´ համակարգային, թե´ օպերատիվ-տնտեսական իրողությունների պարագայում ստանձնել է կառավարության ղեկը, տնտեսական իրավիճակի պատասխանատվությունը, և բնական է, որ ամենապատասխանատու պաշտոններում պետք է դիտարկի իր համար ամենավստահելի անձանց: Այդ իմաստով, ՊԵԿ-ի նշանակությունը թերևս դժվար է գերագնահատել:
Ըստ էության՝ ՊԵԿ-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսական վերահսկողության օրգանն է, բոլոր ելքերի և մուտքերի կառավարման մեխանիզմը: ՊԵԿ-ը Հայաստանի տնտեսության, և ըստ այդմ տնտեսա-քաղաքական ստվերին ուղղված աչքն է, որի փակելն ու բացելը իհարկե քաղաքական որոշման, քաղաքական կոնյուկտուրայի հարց է: Սակայն տիրապետել ՊԵԿ-ին, նշանակում է տիրապետել այդ ամենին: Այլ հարց է, թե հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում «աչքի տեսածին»:
Այս պարագայում Կարեն Կարապետյանն իր առաջ բնականաբար խնդիր է դրել նախ «տեսնելը», իսկ թե ինչ կանի կամ ինչ կկարողանա անել նա այդ տեսածը, այլ հարց է: Մասնավորապես, Կարեն Կարապետյանը, տիրապետելով հարկային ու մաքսային շարժերին և ըստ էության ամբողջությամբ ափի մեջ վերցնելով ստվերը, դնելո՞ւ է այն լույսի տակ բերելու սկզբունքային խնդիր, հատկապես երբ նկատի ունենանք նրա արած հայտարարությունը, որ մինչև ստվերը չբերենք լույսի տակ, չենք կարող «երկիրը երկիր դարձնել»: Թե՞ տիրապետելով այդ ամբողջ ծավալին, Կարեն Կարապետյանը փորձելու է այն դարձնել իր ձեռքին քաղաքական խաղաքարտ, քանի որ նա ունի այդպիսի խաղաքարտերի անհրաժեշտություն, որպեսզի ամրանա որպես քաղաքական գործոն:
Կարապետյանն ունի դրա անհրաժեշտությունը, քանի որ նա հայտնվել ակնհայտորեն քաղաքական կշիռ պահանջող պաշտոնին` չունենալով այդ կշիռը: Ինչ խոսք, երկու դեպքում էլ նա ձեռք է բերում այդ կշիռը, պարզապես տարբեր մեթոդաբանությամբ կամ մարտավարությամբ:
Եթե Կարապետյանը որոշում է դաշտ բերել ստվերը սկզբունքորեն, ապա այստեղ նա փաստորեն ուղիղ առճակատման է գնում համակարգի դեմ: Սա կլինի չափազանց լուրջ քաղաքական հայտ, բայց իր համար ռիսկի մեծ գործոնով: Մյուս տարբերակն այն է, որ ստվերին տիրապետելով, նա կփորձի տիրապետել ներիշխանական դաշտին օլիգարխիկ համակարգին և այդ հանգամանքը օգտագործել համակարգի վրա քայլ առ քայլ մեծ ազդեցություն ձեռք բերելու և համակարգի դիմադրությունն այդպիսով թուլացնելու համար:
Որ տարբերակը կընտրի Կարեն Կարապետյանը, և ամենակարևորը` ինչ նպատակի համար` համակարգային փոփոխության հարցում դիմադրությունը հաղթահարելո՞ւ, թե՞ պարզապես առկա համակարգի պայմաններում խաղի կանոնները կոսմետիկ փոփոխության ենթարկելու համար:






































