Գլոբալ քաղաքական անորոշությունը ճնշում է համաշխարհային տնտեսական աճը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի եզրակացություններին։
Մտավախությունները ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքների, Չինաստանում բարեփոխումների, ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների առնչությամբ բացասաբար են ազդում տնտեսական գլոբալ աճի վրա՝ վատթարացնելով առևտրի մասնակիցների տրամադրությունները՝ ճնշելով ներդրումներն ու ուժեղացնելով շուկայի տատանողականությունը։
ԱՄՀ-ն նախազգուշացնում է, որ իրավիճակը կարող է վատթարանալ. տնտեսության առավել թույլ աճը կարող է ուժեղ պատասխան արձագանք առաջացնել ընդդեմ առևտրի։ Կազմակերպությունը կարծում է, որ սակագների և այլ առևտրային խոչընդոտների կտրուկ աճը գլոբալ մասշտաբում ներկրման գները կարող է մեծացնել 10 տոկոսով։
Դա կհանգեցնի առաջիկա 5 տարում արտահանման 15 տոկոսով անկման, սպառումը կկրճատվի 2 տոկոսով, համաշխարհային տնտեսության աճը՝ 2 տոկոսով։