«Սասնա ծռեր» խորհրդի լուծարման վերաբերյալ քննարկում չի եղել և պաշտոնական որոշում չկա այդ մասին: Անընդհատ իրավիճակ է փոխվում երկրում և ադեկվատ արձագանքելու կարիք կա: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու խորհուրդն այս պահին ակտիվ գործունեություն չի ծավալում, Մարտիրոսյանը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հենց այնպես զանգվածային միջոցառումներ չի կազմակերպում. «Քաղաքական գործընթացներն ունենում են և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային փուլ, չի կարելի առանց կոնկրետ ծրագիր, օրակարգ առաջարկելու մարդկանց հենց այնպես տանել-բերել: Քաղաքականության մեջ չես կարող լարած դաշնամուրի նման անընդհատ նույն բանը կատարել, հասարակությունը ևս այդ պրոցեսների ընթացքում հոգնում է»:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ մտքերի ու գաղափարների խնդիր չկա, խնդիրն այն է, թե դրանք հնարավո՞ր է կյանքի կոչել, թե՞ ոչ: Նրա հավաստմամբ՝ քաղաքական դաշտում քննարկումների փուլ է:
«Կարևորագույն խնդիրներ ունենք լուծելու, կառավարության կիսափոփոխությունները համակարգային խնդիրներ չե լուծում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Նա նաև նշեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին «Ժառանգություն»- ը դեռևս որոշում չի կայացրել:
Մանրամասները՝ տեսանյութում:








































