Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տնտեսական հարցերով կառավարության նիստի ժամանակ խոսել է համաշխարհային ճգնաժամի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Եվրոպայի ներգաղթյալների խնդիրների, փախստականների հանդեպ եվրոպացիների անտարբերության մասին։
Ալիևը հայտարարել է, որ հենց այդ բոլոր ճգնաժամերն են անդրադարձել նավթարդյունահանող երկրների վրա. «Ադրբեջանը գնում է իր ճանապարհով և ոչ ոքի չի լսում։ Դրա համար էլ մենք ունենք կայունություն ու զարգացում»։
Ալիևը դատապարտել է Եվրոպային ինտեգրվելու կոչերը. «Ինչպիսի՞ Եվրոպայի մենք պետք է ինտեգրվենք։ Ճգնաժամով բռնկվա՞ծ Եվրոպայի, ուր մուսուլմանների վրա արգելքներ են դրված»։ Ալիևը դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է ԵՄ-ի հետ։
Նրա խոսքերով՝ Եվրոպական հանձնաժողովը ներկայումս քննարկում է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության ձևաչափի մասին Բաքվի առաջարկը։











































