ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է քննարկել բացօթյա առևտրի կազմակերպման թույլատրության մասին օրենքի միանգամից երկու նախագիծ:
Մեկի հեղինակը ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն է, մյուսինը` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ էության, երկու նախագծերն էլ նման են իրար, և երկու նախագծերին էլ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել:
Այսօր վաղ առավոտից ԱԺ-ի` Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ էին հավաքվել Երևանի քաղաքապետի կողմից բացօթյա առևտրի արգելքի արդյունքում անգործ մնացած քաղաքացիները և բողոքի ակցիա էին անում: Առավոտյան նրանց է մոտեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և տեղեկանալով խնդրի մասին՝ առաջարկել է, որ ցուցարարներից պատվիրակություն կազմվի` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ հանդիպելու համար:
Երեք ցուցարարից բաղկացած պատվիրակությունն այժմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի է, որտեղ քննարկվելու է նրանց վերաբերող օրինագիծը:










































