«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող են կարգավորվել միմիայն «բարի կամքի» միջոցով:
Նա ներկայիս իրավիճակը բնութագրել է որպես «տարօրինակ իրականություն», որում չի լուծվում հակամարտող կողմերի և ոչ մի խնդիր: Մարգվելաշվիլին «աղետ» է որակել ռուսական բանակի կողմից Վրաստանի երկու շրջանների օկուպացումը: Նրա խոսքով՝ դա տուրք է, որը վրացիները վճարում են ազատության ու անկախության համար:
Վրաստանի նախագահը նկատել է, որ այդ ամենի հետ մեկտեղ որևէ նոր հեռանկար չի բացվել աբխազ և օս համաքաղաքացիների համար, որոնք օկուպացված տարածքներում ապրում են առանց իրական հեռանկարի, առանց ապագայի:
Վրաստանի նախագահը խնդրահարույց է որակել ոչ միայն հարևան երկրների, այսպես կոչված մերձակա շրջապատի, այլև մյուս երկրների հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականությունը:








































