Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունն ու Անակլիայի զարգացման կոնսորցիումը (JSC Anaklia Development Consortium (Georgia) ներդրումային պայմանագիր են կնքել Անակլիայում խորջրյա նավահանգիստ կառուցելու և շահագործելու մասին։
Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը։ Հիմնարկեքի արարողությանը ներկա է գտնվել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը խորջրյա նավահանգստի կառուցումը որակել է որպես «դարի նախագիծ»։
Նա հայտարարել է, որ ռազմավարական դիրքը, մեծ թողունակությունը, լոգիստիկ ծառայությունների զարգացման հնարավորությունը, ընդլայնման ու զարգացման հեռանկարները ստեղծում են իրական հիմք, որպեսզի Վրաստանը կատարի իր պատմական առաքելությունը նոր «Մետաքսի ճանապարհի» միջանցքում.
«Անակլիայի նավահանգիստը միևնույն ժամանակ ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու համար Վրաստանի ծովային գլխավոր դարպասներ և տարածաշրջանի լոգիստիկ կարևորագույն կենտրոններից մեկը։
Անակլիայի նավահանգիստը կլինի խոշորագույնը ոչ միայն Վրաստանում, այլև՝ Սև ծովի ողջ հյուսիս-արևելյան ծովափին։ Սա Վրաստանի ապագայի նախագիծ է»։
Ծրագրված է, որ Անակլիայի նավահանգստի հզորությունը կազմելու է տարեկան 20 միլիոն տոննա բեռ։








































