Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում կազմակերպված գիտական ու տեխնոլոգիական հարցերով միջազգային կոնֆերանսի ժամանակ ելույթում հերթական անգամ քննադատել է ՄԱԿ-ին:
Էրդողանը ՄԱԿ-ի ԱԽ-ին մեղադրել է մուսուլմանական երկրների տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու անընդունակության համար:
«ՄԱԿ-ը, որը ստեղծվել է հանուն արդարության, հենց ինքը չի ներկայացնում արդարություն: ՄԱԿ ԱԽ-ում չկա որևէ երկիր, որը կներկայացնի 1 միլիարդ բնակչությամբ մուսուլմանական աշխարհը: Ո՞ւր է արդարությունը:
Ինչո՞ւ չեն կարողանում կարգավորել Սիրիայի, Եգիպտոսի, Սուդանի, Լիբիայի, Աֆղանբստանի հարցերը: Որովհետև այնտեղ չկա արդարություն»,- ասել է նա:
Էրդողանն ավելի վաղ քանիցս առաջարկել էր ընդլայնել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների թիվը՝ դրանցում ընդգրկելով մուսուլմանական երկրների ներկայացուցիչներին:










































