Վանաձորում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերն ակտիվացել են երեկոյան 18:00-ից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն, ում եղբայրն առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու:
«Ահազանգեր են ստացվել գումար բաժանելու վերաբերյալ, քվեաթերթիկը հեռախոսով նկարելու դեպքերն են շատացել: «Կարուսելի» մասին տեղեկատվություն կա: Թե ինչքանով կարող է այս ամենը ազդել ընտրությունների արդյունքների վրա, չեմ կարող այս պահին կանխատեսել»,- նշեց Է. Մարուքյանը:
Հարցին, թե ինչ նկատի ուներ իրենց շտաբի անդամ Աստղիկ Ավետիքյանը, երբ ասում էր, որ ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից ընտրակաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ ահազանգ կա, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Կոնկրետ այս պահին փաստեր չկան: Երբ մենք այցելել ենք տարածքներ, ՀՀԿ ներկայացուցիչներին հարցրել ենք, ասել են՝ մենք կապ չունենք, այլ ուժեր են բաժանել: Մենք էլ պնդել ենք, որ փող ունեցող ուժը դուք եք:
Բայց ամեն դեպքում որևէ մեկը այդպիսի փաստ դեռ չի արձանագրել: Որևէ ընտրական շտաբ, ակտիվիստ, դիտորդ, օպերատիվ աշխատանք չի կարող կատարել ու կապ չունի, թե որ ուժն է ընտրակաշառք բաժանում, դա քրեորեն հետապնդելի արարք է: Ընտրատեղամասեր կան՝ վրան վեց է գրված, ի՞նչ է սա նշանակում, փողը տվել են, ասել են՝ նայել ի՞նչ թիվ է, որ եթե մոռանաք, դրան կքվեարկե՞ք…»,- նշեց Է. Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































