MH17 չվերթն իրականացնող մալայզիական «Բոինգի»՝ Ուկրաինայի տարածքում կործանման պատճառ դարձած կասկածյալների ցուցակը կկազմվի և կհաստատվի 2016թ. վերջին-2017թ. սկզբին: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլյա Բիշոփը ավստրալական ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա չի բացառել, որ «Մալայզիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման գործով դատավարությունը կարող է ընթանալ ՄԱԿ-ի հովանու ներքո: Սակայն, Բիշոփի կարծիքով, Ռուսաստանը վետո կդնի նման դատավարություն կազմակերպելու ցանկացած փորձի վրա:
Քննարկվում են նաև միջազգային տրիբունալի ստեղծման տարբերակները, ինչպես Լոքերբիի ահաբեկչության դեպքում, և դատական գործընթացի անցկացումը Նիդերլանդներում:
Հիշեցնենք, որ ինքնաթիռի կործանման գործով միջազգային հետաքննչական խումբը սեպտեմբերի 28-ին զոհվածների հարազատներին ներկայացրել էր քննչական աշխատանքի արդյունքները: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ինքնաթիռը ոչնչացվել է ռուսական «Բուկ» տեսակի հրթիռի հարվածի արդյունքում: Ռուսական կողմը եզրակացությունը համարել է «նախնական» և առաջարկել սպասել «վերջնական ճշմարտությանը»:











































