Civil Georgia-ի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանն այսօր կարող է ճանաչել Ռուսաստանի կողմից իրականացված չերքեզների ցեղասպանությունը:
Երեկ Վրաստանի խորհրդարանի 4 կոմիտեները աջակցել են այն բանաձևի նախագծին, որը 19-րդ դարում Ռուսական կայսրության կողմից իրականացրած չերքեզների զանգվածային սպանություններն ու բռնագաղթը ճանաչում է որպես ցեղասպանություն:
Մեկ էջանոց այդ փաստաթուղթը պատրաստ է քվեարկության համար ներկայացվելու Վրաստանի խորհրդարան:
Կովկասի և սփյուռքի հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ, իշխող կուսակցության պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին հայտարարել է, որ դիմել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեին, որպեսզի այդ բանաձևը բերվի այսօր կայացող խորհրդարանի նիստի օրակարգ:
Չերքեզների ցեղասպանության բանաձևի նախագիծը, Կովկասի ու սփյուռքի հարցերով խորհրդարանական կոմիտեից բացի, քննարկել են նաև իրավական, մշակութային և մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական կոմիտեները:
Հիշեցնենք, որ ավելի քան 100 տարի տևած ռուս-չերքեզական պատերազմի (1763-1864 թթ. Կովկասյան պատերազմներ) և Ռուսական կայսրության ծավալման դեմ չեքեզական դիմակայության հետևանքով Կովկասի ամենաբազմամարդ ժողովուրդներից մեկը կորցրել է իր բնիկ հայրենիքը` Չերքեզիան, ինչի արդյունքում չերքեզները ցրվել են աշխարհի ավելի քան 50 երկրներում, իսկ հայրենի տարածքները՝ դատարկվել բնիկներից: