«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վադիմ Պիխուլյան:
– Պարոն Պիխուլյա, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների մակարդակն այսօր, որքանո՞վ է այն գոհացնում:
– Պիտի ասեմ, որ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ներկայիս մակարդակը դրական է: Չնայած տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին՝ մենք կարողանում ենք հաջողությամբ համագործակցել առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, մշակույթի և սպորտի ոլորտներում: Իհարկե, պետք է ձգտել նրան, որ մեր հարաբերություններն է՛լ ավելի խորանան, և դրա համար կան նախադրյալներ: Անհրաժեշտ է լուծել տարածաշրջանի սառեցված հակամարտությունները, որոնք կան թե՛ Ուկրաինայի և թե՛ Հայաստանի տարածքում, նկատի ունեմ՝ Լեռնային Ղարաբաղը: Հույս կա, որ այս խնդիրներն, այնուամենայնիվ, կլուծվեն խաղաղ ճանապարհով, դիվանագիտական-քաղաքական ջանքերի և բանակցությունների միջոցով:
Ուզում եմ նաև ավելացնել, որ Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունները հազարամյա պատմություն ունեն: Մենք իրականացրել ենք մշակութային փոխանակման միջոցառումներ, տեղի է ունեցել ուկրաինացի գիտնական Յարոսլավ Դաշկևիչի գիտական աշխատանքի շնորհանդեսը: Այն կոչվում է «Հայերը Ուկրաինայում», որտեղ ներկայացված են մեր փոխհարաբերությունների պատմության ուսումնասիրությունը, բարեկամությունը և այլ համատեղ հարցեր:
– Այսինքն՝ կարծում եք, որ այդ բարդ քաղաքական հարցերը, այնուամենայնիվ, ազդե՞լ են Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունների վրա: Նկատի ունեմ՝ վերջին տարիների զարգացումները Ղրիմի շուրջ, ռուս-ուկրաինական, հայ-ռուսական հարաբերությունները: Իրադարձությունների ամբողջ այս համալիրն ինչ-որ կերպ անդրադարձե՞լ է հայ-ուկրաինական հարաբերությունների վրա:
– Կարելի է ասել, որ տվյալ իրավիճակը միգուցե ինչ-որ կերպ ազդել է, և հարաբերությունները չեն զարգանում այնքան արագ և լավ, որքան կուզենայինք, բայց կան բոլոր նախադրյալները փոխըմբռնում գտնելու համար:
– Ուկրաինան Ղարաբաղյան հարցում վառ ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունի: Ինչո՞վ է դա բացատրվում՝ կողմնորոշմամբ դեպի Ադրբեջա՞ն, թե՞ ունեցած հակամարտությունների հարցում Ուկրաինայի և Ադրբեջանի դիրքորոշումների նմանությամբ:
– Դա ադրբեջանամետ կողմնորոշում չէ, դա Ուկրաինայի դիրքորոշումն է, և այն այսօր այդպիսին է, քանի որ, հավանաբար, մինչև վերջ մշակված չէ: Հնարավորություններ և հեռանկարներ կան այդ հարցերն ավելի մանրամասն քննարկելու և ինչ-որ փոխըմբռնում գտնելու համար:
Ինչպես գիտեք՝ Ուկրաինայի համար շատ ցավոտ Ղրիմի հարցում նույնպես ամեն ինչ կատարյալ չէ, բայց մենք հույս ունենք, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:
– Պարոն Պիխուլյա, իսկ ի՞նչ է ընդհանրապես փոխվել Ուկրաինայում Մայդանից հետո: Համակարգային փոփոխություններ, բարեփոխումներ տեղի ունեցե՞լ են, դա ի՞նչ տվեց Ձեր երկրին:
– Ինչպես դուք ասացիք՝ մեզ մոտ տեղի են ունեցել հենց համակարգային փոփոխություններ, վերջնականապես ամրագրվեց Ուկրաինայի քաղաքական կուրսը դեպի եվրոպական ինտեգրում, երկրում իրականացվում են նպատակային բարեփոխումներ, և մենք արդեն հասել ենք որոշակի լուրջ հաջողությունների: Ուկրաինան այսօր Ռուսաստանի Դաշնության հետ փաստացի պատերազմի վիճակում է, դա շարունակվում է արդեն մոտ երկուսուկես տարի, և այդ ընթացքում Ուկրաինայում ձևավորվել է բոլորովին այլ իրավիճակ պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ չնայած այն հանգամանքին, որ դա պահանջում է մեծ ջանքեր և ֆինանսական ու տնտեսական միջոցներ: Այնպես որ, կարծում եմ՝ դա միակ ձեռքբերումը չէ. մեզ մոտ միաժամանակ իրականացվում են նաև հակակոռուպցիոն, տնտեսական բարեփոխումներ, այսինքն՝ տեղի է ունենում երկրի լուրջ զարգացում:
– Ուկրաինայի հասարակության մեջ ի՞նչ վերաբերմունք կա Հայաստանի հանդեպ՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները:
– Որքան ես եմ հասկանում՝ Ուկրաինայում միայն դրական վերաբերմունք կա Հայաստանի հանդեպ: Պաշտոնական տվյալներով՝ Ուկրաինայում հայկական սփյուռքը կազմում է ավելի քան 350 հազար մարդ, իսկ ոչ պաշտոնական թիվը շատ ավելի մեծ է: Սա Եվրոպայում երկրորդ ամենախոշոր հայկական համայնքն է՝ Ֆրանսիայից հետո: Եվ Ուկրաինա եկող բոլոր այդ մարդիկ ոչ թե փախստականներ են, այլ Ուկրաինայի լիարժեք բնակիչներ: Նրանք աշխատում են, զբաղվում են գործարարությամբ, հաջողակ բիզնեսմեններ են: Նույնը կարելի է ասել Հայաստանում ապրող ուկրաինական համայնքի մասին, որը զգում է Հայաստանի կառավարության աջակցությունը շատ հարցերում, և մենք սերտորեն փոխգործակցում ենք այս ոլորտում: Հայերը շատ լուրջ համայնք ունեն Օդեսայում՝ Սև ծովի ափին, Լվովում, Կիևում, ուստի հնարավոր չէ խոսել Հայաստանի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին:
– Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացման համար՝ որպես մի պետության ներկայացուցիչ, որը ձգտում է ինտեգրվել արևմտյան կառույցներին:
– Ես դժվարանում եմ ասել, թե ինչ հեռանկարներ ունեք և որտեղ ավելի լավ հեռանկարներ ունեք, դա պիտի որոշի հայ ժողովուրդը: Կարող եմ միայն ասել, որ դժվար է միաժամանակ համագործակցել երկու միավորումների հետ: Դա պիտի որոշեն Հայաստանի քաղաքացիները, թե ավելի շատ որտեղ են իրենց տեսնում, դա կա՛մ Եվրոպական միությունն է՝ 500 միլիոն քաղաքացի ունեցող շուկայով, կա՛մ Եվրասիական միության շուկան է:
– Այսինքն՝ Ձեր կարծիքով, դժվար է համատեղել:
– Դե, այդպիսի փորձեր աշխարհում շատ քիչ են, եթե չասենք՝ ընդհանրապես չկան:








































