Անկախության 25-ամյակի զորահանդեսի ամենաառանձնահատուկ պահն, անկասկած, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռների ցուցադրությունն էր, որով ըստ էության պաշտոնապես ազդարարվեց, որ Հայաստանի զինված ուժերի զինանոցում առկա են այդ զինատեսակները: Իսկ դա գերժամանակակից զինատեսակ է, որը կամ որի անալոգները անկասկած քիչ երկրներում են առկա: Եվ այս իմաստով անկախության 25-ամյակի զորահանդեսում, ըստ էության, ազդարարվում է Հայաստանի և՛ ռազմական, և՛ նաև քաղաքական կարգավիճակի որոշակի փոփոխության մասին, ինչը բխում է այդ զինատեսակի առանձնահատկությունից:
Բնականաբար, առաջնային հետաքրքրություն ներկայացնող հարցադրումն այն է, թե ինչ ազդեցություն է ունենալու այդ ամենը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, ինչքանով է այդ ամենը նպաստելու խաղաղության և կայունության պահպանմանը, հրադադարի ամրությանը:
Այս հարցը, անկասկած, չունի միանշանակ որևէ պատասխան, քանի որ «Իսկանդերն», այսպես ասած, «կախարդական փայտիկ» չէ՝ ինչպես ընդունված է ասել Հայաստանի իշխանական համակարգում տնտեսական խնդիրների և պահանջների մասով: «Իսկանդերը», իհարկե, ունի զսպող նշանակություն, և սա միանշանակ է: Իսկ դրանից էլ հետևում է, որ, իհարկե, առնվազն լայնածավալ ռազմական գործողությունների հարցում «Իսկանդերի» առկայությունը կհանդիսանա Բաքվին սթափեցնող գործոն:
Սակայն միևնույն ժամանակ անկասկած է, որ չկա այն որոշակի սահմանը, որով բաժանվում են ռազմական գործողությունները կամ հնարավոր ռազմական գործողությունները լայնամասշտաբի և լոկալի կամ փոքր մասշտաբի: Այսինքն՝ չկա այն հստակ գիծը, որը թույլ կտա ասել՝ «Իսկանդերն» ահա այս ծավալի գործողությունների համար զսպման գործուն մեխանիզմ է, իսկ ահա այսքան ծավալի դեպքում «Իսկանդերն», իհարկե, չի կարող ունենալ մեծ դերակատարում:
Այն, որ դրա մասին հայտարարությունը իր ազդեցությունը կթողնի կարգավորման գործընթացում և էապես կսահմանափակի ռազմական լուծումների ադրբեջանական հեռանկարները, եթե դրանք միայն ներքին սպառման համար չեն, կասկածից վեր է: Սակայն սրանով հանդերձ՝ կասկածից վեր է և այն, որ ընթացիկ քաղաքական զարգացումների առումով «Իսկանդերի» առկայությունը ոչինչ չի տա, եթե դրա շուրջ Երևանը իր պետական քաղաքականության մասով չկառուցի համարժեք դիվանագիտական բովանդակություն և պաշար: Այսինքն՝ Հայաստանի պետական քաղաքականությունը պետք է համարժեք լինի «Իսկանդեր» տնօրինող պետության քաղաքականությանը, ինչը, իհարկե, չի նշանակում մարտաշունչ քաղաքականություն, այլ նշանակում է ինքնավստահ քաղաքականություն և դիվանագիտություն, ինքնիշխան քաղաքականություն և դիվանագիտություն: Իսկ դա էլ առաջին հերթին կարող է արտացոլվել նրանով, որ Երևանը պետք է «Իսկանդեր» ձեռք բերելուն զուգահեռ հրաժարվի նաև Մադրիդյան սկզբունքներից՝ եթե Երևանն է ձեռք բերել «Իսկանդեր», ոչ թե «Իսկանդերը», իմա՝ դա մատակարարողը, ձեռք է բերել Երևանը:
Սա է ամենանուրբ խնդիրը, և սրանից է կախված, թե ինչքանով է նոր իրավիճակը կամ նոր դիրքը նպաստելու Հայաստանի համար այդքան կարևոր խաղաղության և կայունության հեռահար պահպանմանը: Իսկ ինչո՞ւ հրաժարում այդ սկզբունքներից, որովհետև հենց այդ սկզբունքների ամրագրումից հետո, դրանց ընդունումից հետո է իրավիճակը քայլ առ քայլ շարժվել դեպի փակուղի և ռազմաքաղաքական կոլապս՝ էապես սրելով լարվածությունը, հասցնելով ապրիլյան պատերազմի:










































