Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 2015 թվականի ամռանը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը:
Նրա խոսքով՝ դրա պատճառը եղել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնից Ֆրանսիայի քաղաքացի Ալեքս Շախտախտինսկու պաշտոնանկությունը, ինչը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության միջամտության արդյունքում:
Ադրբեջանական արմատներով Շախտախտինսկին տվյալ պաշտոնում մնացել է ընդամենը մեկ տարի: Ալիևն ընդգծել է, որ Շախտախտինսկու պաշտոնանկության պատճառները եղել են նրա աշխատասենյակում Ադրբեջանի նախագահի հետ նրա լուսանկարի առկայությունը:
«Ֆրանսիայի կառավարության վրա ԱՄՆ ճնշման ներքո Շախտախտինսկին ազատ արձակվեց ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Վերջ տրվեց նրա կարիերային, նա հեռացվեց Ֆրանսիայի ԱԳՆ-ից:
Ի՞նչ կարող եմ ասել ես, եթե ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի կարծիքով՝ ինձ հետ լուսանկարվելը հանցանք է: Ես ասացի՝ եթե Շախտախտինսկուն պաշտոնանկ անեն, ապա գրասենյակը կփակվի: Այն ժամանակ ես զգուշացրի, սակայն ինձ չլսեցին, և մենք արեցինք դա:
Այժմ նրանք ցանկանում են վերականգնել գրասենյակի գործունեությունը, իսկ ես նախապայման ներկայացրեցի՝ ասելով՝ վերադարձրեք Շախտախտինսկուն, վերականգնեք արդարությունը, կարիերան, և մենք վերստին կբացենք գրասենյակը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Աիևը քննադատել է Freedom House-ին՝ այն որակելով որպես հայամետ:











































