Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ երկրի ոչ բլոկային կարգավիճակը երաշխիք կդառնա Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Օգոստոսի կեսին Բուրջանաձեի գլխավորած նախաձեռնող խումբը խորհրդարանին ներկայացրել էր հայտարարություն սահմանադրական ուղղումներ անելու համար:
Ոչ բլոկային կարգավիճակը նախատեսում է ռազմական որևէ կազմակերպությանը երկրի անդամակցումից հրաժարում. «Ոչ բլոկային կարգավիճակը Վրաստանի կայունության երաշխիքն է, նրա երաշխիքն է, որ Վրաստանը կլինի կայուն երկիր, որ Վրաստանը նորմալ հարաբերություններ կունենա հարևան երկրների և առաջին հերթին Ռուսաստանի հետ:
Ոչ բլոկային կարգավիճակը կարող է նոր թթվածին լինել Վրաստանի տնտեսության համար»: Բուրջանաձեն վստահություն է հայտնել, որ ոչ բլոկային կարգավիճակը նոր հնարավորություններ կբացի Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում, հավելյալ ազդակ կդառնա ներդրումների համար.
«Վրաստանը պետք է լինի այնպիսի պետություն, որը կհրաժարվի ցանկացած ռազմական դաշինքի անդամակցելուց, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, ինչպես նաև ՀԱՊԿ-ը: Վրաստանը պետք է գործի այնպես, որ Վրաստանի տարածքում չլինեն օտար ռազմաբազաներ»:










































