«Ես երբեք չեմ ասել, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի կամ պատերազմը կմտնի տաք փուլի մեջ, ես ասել եմ, որ այս ճանկռոցին, որի փորձն արեցին՝ 2-3 դիրք գրավելով, նման փորձեր կարող են նորից կատարել սեպտեմբերի վերջին և հոկտեմբերին: Մենք պետք է պատրաստ լինենք: Եթե մենք զգոն չլինենք, եթե որոշակի մարտավարական սկզբունքային փոփոխություններ չանենք, թուրքը կփորձի նմանատիպ գործողություններով էլի մի քանի դիրք գրավել»: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
«Այժմ գրեթե բոլոր զորամասերում փորձում են հետևություններ, փոփոխություններ անել, որն ավելի ադեկվատ կդարձնի մեր հարվածը հակառակորդին, եթե փորձի կրկին մեզ հարվածել: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ թուրքի ողնաշարը չի կոտրվել, դրա նախանշանները կային դեռ անցած տարի սեպտեմբերին, որոնք պետք է հաշվի առնեինք: Եթե մենք այս ամենից հետևություն չանենք և արժանի հարված հասցնելու չնախապատրաստվենք, հնարավոր է կրկին փորձ կատարվի»,- ասաց հրամանատարը և հավելեց, որ բանակը, զորքերը աշխատում են, նախապատրաստվում են և լավ կլինի, որ ավելի արագ պատրաստվեն:
«Հասարակությունը նույնպես պետք է գիտակցի, որ պետք է ծառայի ճակատին: Թիկունքում գտնվողները պետք է հասկանան, որ ճակատի համար պետք է շատ ավելին անեն, քան անում են»,- ընդգծեց Վ. Վարդանովը՝ հավելելով, որ առաջին հերթին թաքցնող ցանցեր գործելու անհրաժեշտություն կա:
Մանրամասները՝ տեսանյութում:








































