Պետք է կանխել և դատապարտել ԱՊՀ-ում ուժի միջոցով հակամարտությունները լուծելու փորձերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևի հետ հանդիպման ժամանակ նշել է աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
Զրուցակիցները քննարկել են ԱՊՀ ՄԽՎ առաջիկա խորհրդի նիստին ՀՀ պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ԱՊՀ ՄԽՎ-ի` երկխոսության խորհրդարանական հարթակ լինելու փաստը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն իր գործունեության 25 տարիների ընթացքում վերահաստատել է իր առանցքային և անփոխարինելի դերը միջխորհրդարանական բազմակողմ համագործակցության ծավալման գործում:
ԱԺ փոխնախագահը կարևորել է ԱՊՀ տարածքում երկխոսության և խաղաղության հաստատումը` մասնավորապես նշելով. «Մենք պետք է կանխենք և դատապարտենք ԱՊՀ տարածքում ուժի միջոցով հակամարտությունների լուծման փորձերը և հանդես գանք հասցեական գնահատականներով: Հարկավոր է ընդլայնել կառուցողական երկխոսությունը, այլ ոչ թե փորձել ապակայունացնել տարածաշրջանը»:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն իր հերթին կարևորել է հայ խորհրդարանականների դերն ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում: Ալեքսեյ Սերգեևը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի գործունեությունը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում: Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումներին հայկական պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր:











































