Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Հադադ Ադելը հայտարարել է, որ ԱՄՆ-ին վստահող լավատեսները պետք է դասեր քաղեն սիրիական բանակին հասցված ամերիկյան ավիահարվածներից:
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան նախորդ շաբաթ Դեյր էզ Զորի օդանավակայանի շրջանում չորս հարված է հասցրել սիրիական զորքերին, որոնք տվյալ հատվածում գտնվում են ԴԱԻՇ-ի պաշարման մեջ: Ավիահարվածների հետևանքով զոհվել է 62 և վիրավորվել մոտ 100 զինծառայող:
Ադելը հայտարարել է. «Նրանք, ովքեր լավատեսորեն են լցված ամերիկացիների հանդեպ և վստահում են նրանց, պետք է դասեր քաղեն այդ ագրեսիայից:
Ամերիկացիները երբևէ չեն հրաժարվի տված խոստումները խախտելուց: Նման գործողությունները աջակցում են ահաբեկիչներին և ի ցույց դնում հրադադարի հետևում քողարկված նպատակները»:











































