Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան իրեն չի տեսնում նախագահի իրավահաջորդի դերում: «Կազինֆորմ»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում Ղազախստանի խորհրդարանի Սենատի լիագումար նիստից հետո, որի ընթացքում նրան ընտրել են Սենատի միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական կոմիտեի ղեկավար:
«Ես ինձ համարում եմ հայրենիքին հավատարիմ և նվիրված ծառայող մարդ, որը մեր նախագահի թիմի անդամ է: Ուստի, գիտեք, այդ բոլոր գուշակությունները շատ կասկածելի են: Շահարկումներ՝ ոչ ավելին»,- ասել է Նազարբաևան հարցին ի պատասխան՝ արդյոք ինքն իրեն տեսնո՞ւմ է երկրի ղեկավարի իրավահաջորդի դերում:









































