«Հակաանվանարկման լիգա» Ամերիկայի հրեական ոչ կառավարական կազմակերպությունը ներողություն է պահանջել Դոնալդ Թրամփ-կրտսերից՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուի որդուց: Այս մասին հայտնում է Politico-ն:
Նշվում է, որ WPHT ռադիոկայանին տված հարցազրույցում Թրամփ-կրտսերն ամերիկյան ԶԼՄ-ներին մեղադրել է նախընտրական արշավի կանխակալ լուսաբանման համար:
«ԶԼՄ-ները մշտապես քարոզչություն էին անում նրա (Հիլարի Քլինթոնի) օգտին: Եթե ԶԼՄ-ները չլինեին, ապա արշավի ընթացքում ոչ մի պայքարի մասին խոսք անգամ չէր լինի, սակայն ԶԼՄ-ները մշտապես աջակցել են նրան: Նրանք անտեսել են բոլոր անհամապատասխանությունները նրա արտահայտություններում, ամբողջ սուտը, Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի բոլոր խաղերը պայքարից նրա մրցակից Բեռնի Սանդերսին դուրս մղելու փորձերում: Եթե նման բան անեին հանրապետականները, նրանց համար արդեն գազային խուց կպատրաստեին»,- ասել է միլիարդատիրոջ որդին:
«Հակաանվանարկման լիգան» հայտարարել է, որ «երբեք չի կարող ընդունելի լինել Հոլոքոստի և գազային խցերի նշանակության նվազեցումը», և հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփ-կրտսերը կգիտակցի «Հոլոքոստի մասին այդպիսի կատակների հանդեպ զգայունությունը և այն ցավը, որը դրանք բերում են», ու իր խոսքերը հետ կվերցնի:
Դոնալդ Թրամփի շտաբը առայժմ չի մեկնաբանել իրավիճակը:












































