Անհանգիստ եմ Հայաստանի տնտեսության համար, երեկ լրագրողների հետ վարչապետի պաշտոնում իր առաջին ճեպազրույցում հայտարարել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարապետյանը Ազգային ժողովում էլ պատգամավորների հարցերին պատասխանելիս ասել է, որ Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է, չափազանց ծանր, իսկ արագ փոփոխությունների սպասել էլ պետք չէ, քանի որ չունի կախարդական փայտիկ:
Նա երեկ հայտարարել է նաև խաղի հավասար կանոնների անհրաժետության, մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին՝ ասելով, որ մինչ այժմ իհարկե կանոնները եղել են անհավասար, եղել է անհավասար մրցակցություն: Թե ինչու, Կարապետյանը պատճառների մասին ոչինչ չի ասել: Այսպիսով, Կարեն Կարապետյանի առաջին «բեմելն» իհարկե Հայաստանի պաշտոնյաների համար ընդհանուր ստանդարտների մեջ է: Այն, ինչ նա ասում է, ասել են և ասում են գրեթե բոլորը: Խոսքով նա ըստ էության չի տարբերվում ոչ մեկից, գոնե առաջին խոսքերով: Բայց, ըստ էության, խոսքով տարբերությունը այլևս ոչ մեկին չի էլ հետաքրքրում, և միջին վիճակագրական հայաստանցու համար բացարձակապես կարևոր չէ, թե ինչ է ասում նոր վարչապետը, կարևոր չէ, որ ի տարբերություն հին վարչապետի՝ նա ոչ թե աճերի մասին է խոսում, այլ հայտարարում է տնտեսության չափազանց ծանր վիճակի մասին:
Միջին վիճակագրական քաղաքացուն կարևոր է տեսնել, թե ինչ գործ է անելու նոր վարչապետը: Եվ ահա գործի մասով նա ասում է, որ կախարդական փայտիկ չունի և արագ փոփոխություններ սպասել պետք չէ: Մարդիկ իհարկե կախարդական փայտիկ չէ, որ սպասում են: Մարդիկ սպասում են կախարդությունից դուրս, պարզ, մարդկային, ազնիվ կառավարում, որի էֆեկտը նրանք կզգան, անպայման կզգան, նույնիսկ եթե այդ էֆեկտը սկզբնական շրջանում լինի շատ ու շատ փոքր:
Եվ այս իմաստով, Կարեն Կարապետյանի առաջին հայտարարությունները ըստ էության վկայում են այն մասին, որ նա դեռևս չի գիտակցել իր վարչապետության առանցքային խնդիրը՝ ոգևորել մարդկանց, ոչ թե առաջին իսկ խոսքով ասել, թե իր հետ մեծ հույսեր չկապեն արագ փոփոխությունների մասով: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի վարչապետական հեռանկարը կախված է հենց այդ մարդկանցից, ոչ թե ՀՀԿ խորհրդից կամ իշխանական այլ շրջանակներից: Եվ եթե Կարապետյանն այդ մարդկանց չբերի իրական փոփոխություններ, ապա կախարդական փայտիկի բացակայությունը հազիվ թե արդարացնի նրան:
Հովիկ Աբրահամյանն էլ կախարդական փայտիկ չուներ, սակայն ուներ դղյակ Մոնումենտում: Եվ մարդիկ իսկապես ուզում են հասկանալ՝ ինչպես է, որ հասարակության համար կախարդական փայտիկներ չկան, իսկ ահա անձնական, ընտանեկան, ընկերական, հարազատ-բարեկամական, քավոր-սանիկական, խնամիական շրջանակների համար այդ փայտիկները գտնվում են, ընդ որում՝ լիուլի, անսպառ:
Մինչև կառավարության ծրագիր ներկայացնելը, Կարեն Կարապետյանը պետք է տա հենց այդ հարցի պատասխանը, այլապես կառավարության ծրագիրը չի աշխատելու, որովհետև կախարդական փայտիկի բացակայությամբ այդ ծրագրերը միշտ բախվելու են իշխող համակարգի կախարդական փայտիկներով կազմված ցանկապատներին, որոնցից այն կողմ հանրության և պետության ապագայի հաշվին անցյալից ու ներկայից գողացվող ռեսուրսների կուտակումն է տարբեր շքեղությունների տեսքով:
Լուսանկարը՝ Photolure-ի









































