Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները թուրքական տնտեսությանը 10 միլիարդ դոլարի վնաս են պատճառել:
Յըլդըրըմը 65-րդ կառավարության 100-օրյա գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելիս հայտարարել է, որ կառավարությունը նոր պլաններ է մշակում երկրի հարավարևելյան նահանգների զարգացման համար, որոնք առավել շատ են տուժել վերջին 3 տարիների ահաբեկչություններից:
Յըլդըրըմը վերստին հայտարարել է, որ Թուրքիայի քուրդ քաղաքացիներն ունեն PKK անունով խնդիր, և ոչ թե PKK-ն ունի քրդեր անունով խնդիր: Յըլդըրըմի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարը նոր ուժով է բորբոքվել հուլիսի 24-ից հետո:
«Ահաբեկիչների գործողությունների հետևանքով պատճառված վնասը վիթխարի է: Ահաբեկիչները երկրին պատճառել են 10 միլիարդ դոլարի վնաս՝ փորելով փոսեր ու խրամատներ:
Անվտանգության ուժերին ու տարածաշրջանի բնակչությանը պատճառված նյութական վնասը գնահատվում է 10 միլիարդ դոլար: Վնասը կփոխհատուցվի 3 տարում»,- ասել է նա:










































