ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դրական է գնահատել արդիական միջազգային խնդիրների կարգավորման գործում Ռուսաստանի հետ փոխգործակցության արդյունքները: Այս մասին նա ասել է The Times of India թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ համագործակցում է շատ հարցերում: «Նրանք կարևոր գործընկեր են եղել իրանական միջուկային համաձայնագրին հասնելու գործում, նրանք կառուցողական մոտեցում են ցուցաբերել՝ օգտագործված միջուկային վառելիքը վերցնելով վերամշակման համար և կրճատելով դրա պահուստները,- հիշեցրել է Ջոն Քերին:- Մենք միասին աշխատել ենք Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման ուղղությամբ, մենք փորձում ենք հասնել այնտեղ ռազմական գործողությունների դադարեցման»:
Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի թեմային: «Մենք երկխոսություն ենք վարում Ուկրաինայի հարցով,- հայտարարել է Քերին:- Մենք տարաձայնություններ ունենք, որոնք պետք է հաղթահարել: Սերգեյ Լավրովը և ես կառուցողական հանդիպում անցկացրինք Ժնևում… Հուսով եմ՝ կկարողանանք առաջ շարժվել Ռուսաստանի հետ, շատ կարևոր է, որ դա հաջողվի»:










































