Զիկա վիրուսի փոխանցման դեպքեր են արձանագրվել 72 պետություններում և տարածքներում: Այս մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկագրում:
«72 երկրներ և տարածքներ հայտնել են 2007 թվականից ի վեր մոծակների կողմից Զիկա վիրուսի փոխանցման վկայությունների առկայության մասին»,- ասվում է տեղեկագրում:
Նշվում է, որ 69 պետություններում այդ վկայությունները ստացվել են 2015 և 2016թթ.:
Զիկա վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, կոնյունկտիվիտ (շաղկապենաբորբ), գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Վիրուսի հարուցիչը Aedes aegypti մոծակն է:
Տեղեկություններ կան, որ հղիության ընթացքում վիրուսով վարակվելը երեխայի մոտ առաջացնում է միկրոցեֆալիա՝ բնածին արատ, որի հետևանքով գանգը զգալիորեն փոքր է լինում: Այն ուղեկցվում է մտավոր հետամնացությամբ, նևրոտիկ շեղումներով, լսողության ու տեսողության խանգարումներով:











































