Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո Նոր Զելանդիայի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է ցունամիի սպառնալիքի մասին: Այդ մասին ասված է նախարարության կայքում:
«Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է Հյուսիսային կղզու արևելյան ափերում (այդ թվում՝ Օքլենդի, Վաիկատոի և Փլենթի ծոցի), ինչպես նաև Հարավային կղզու հյուսիսային մասում ցունամիի սպառնալիքի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել է նախարարությունը, ցունամին ձևավորվել է Իսթ Քեյփ հրվանդանի մոտ: Ցունամիի վտանգը կպահպանվի մի քանի ժամվա ընթացքում: Ափամերձ շրջանների բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում հեռու մնալ ջրից և սպասել հետագա հրահանգների:











































