«Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով»,- սեպտեմբերի 1-ի առիթով հղած ուղերձում ասել է Սերժ Սարգսյանը:
Պարզ չէ, թե ո՞ւմ է ասում Սերժ Սարգսյանը՝ երիտասարդների՞ն կամ աղքատ ընտանիքների երեխաների՞ն, որոնցից շատերը չեն հաճախել դպրոց հենց փող չունենալու պատճառով, թե՞ կառավարությանը, որի անդամները դոլարային միլիոնատերեր են:
Հնչեղ է, իհարկե, երբ սեպտեմբերի 1-ի առիթով հղվում է այդ ուղերձը, բայց առավել հնչեղ է փաստը, իհարկե՝ արդեն բացասական, իսկ որոշ դեպքերում էլ՝ ողբերգական իմաստով, որ Հայաստանում բազմաթիվ երեխաներ ու երիտասարդներ չեն ուսումնառում, որովհետև չունեն անհրաժեշտ միջոցներ՝ ոչ միայն ուսման համար վճարելու, այլև նույնիսկ դպրոց հաճախելու համար հագուստ և գրենական պիտույքներ գնելու: Այդ երեխաները կան, փոքրիկ, մի բուռ Հայաստանում են, և եթե իշխանությունն իսկապես ուզում է, որպեսզի ոչ ոք փողի բացակայության պատճառով չզրկվի ուսումից, ապա զրկվածներին գտնելը, մեղմ ասած, այնքան էլ դժվար բան չէ: Պարզապես ցանկություն է պետք:
Ու այդ տեսանկյունից սեպտեմբերի 1-ի առիթով Սերժ Սարգսյանը ոչ թե պետք է հայտարարի, թե ոչ ոք չպետք է ֆինանսների բացակայության պատճառով զրկվի ուսումից, այլ պետք է հայտարարի, որ Հայաստանում չկա մեկը, որը ֆինանսների բացակայության պատճառով զրկված է ուսումից: Իսկ եթե կա այդպիսի մեկը, ապա պաշտոնից պետք է զրկվեն թերևս մի քանիսը, ընդ որում՝ բարձրաստիճան, որոնք թերացել են իրենց աշխատանքում:
Սակայն միևնույն ժամանակ հասկանալի է, որ այստեղ մի քանի պաշտոնյայի թերացման խնդիր չէ, այլ համակարգային արատ, համակարգային խափանում: Հայաստանի իշխող համակարգը հակասոցիալական համակարգ է, այն բացարձակապես անտարբեր է մարդու հանդեպ, մարդը այդ համակարգի համար ուշադրության է արժանանում լոկ այն դեպքում, երբ վտանգ է ներկայացնում: Ընդ որում, այդ դեպքում էլ նրանով զբաղվում են ոչ թե սոցիալական ծառայությունները, այլ ոստիկանությունը, դատախազությունը, քրեակատարողական հաստատությունները: Այլ պարագայում Հայաստանում իշխող համակարգի համար մարդ գոյություն չունի: Մարդ՝ այդ բառի արժեքային իմաստով, որովհետև մարդը համակարգի համար նշանակություն ունի նաև որպես սպառող, այսինքն՝ նաև հարստության աղբյուր:
Ահա այդ իրականությունն է, որի պարագայում, բնականաբար, չի կարող լինել համակարգված խնդիր՝ գտնել յուրաքանչյուր կարիքավորի, որը չի գնում ուսման, և նրա համար ապահովել այդ նվազագույն խնդրի լուծումը, արժանապատիվ և լիարժեք ուսման հնարավորությունը՝ անկախ սեռից, սոցիալական կարգավիճակից:
Միայն այդ դեպքում երկրի վարչապետն իրավունք կունենա իր թոռնիկի ձեռքը բռնած տանել նրան դպրոց, որտեղ տարեկան ուսման վարձը ավելի քան 2 միլիոն դրամ է: Բարի երթ թոռնիկին, ինչպես նաև բոլոր աշակերտներին, որոնք պետք է լինեն Հայաստանի վաղվա քաղաքացիները: Բայց պապիկները, որ զբաղեցնում են բարձրագույն իշխանությունը, պետք է սեպտեմբերի 1-ը «նշեն» միայն այն դեպքում, երբ այն տոնի են վերածել փոքր Հայաստանի յուրաքանչյուր երեխայի համար:









































