Ադրբեջանական AzərTAc լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԼՂ հարցով ԻՀԿ-ի շփման խմբի առաջին նիստը ծրագրված է անցկացնել ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի շրջանակներում: Նիստն անցկացվելու է արտգործնախարարների մակարդակով:
Հաջիևի խոսքով՝ ներկա դրությամբ այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: ԼՂ հարցով ԻՀԿ-ի շփման խումբը ստեղծվել է այս տարվա ապրիլին Ստամբուլում տեղի ունեցած ԻՀԿ երկրների 13-րդ գագաթնաժողովի արդյունքներով: Դրա կազմի մեջ մտել են 7 երկրներ՝ Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան ու Ջիբութին: Ընդգծվում է, որ այդպիսով խմբում ներկայացվել են ԻՀԿ-ի շրջանակներում բոլոր տարածաշրջանները:











































