Հայկական և ռուսական համացանցը բուռն, ակտիվորեն քննարկում է Նոր Մոսկվայում կատարվածը: Բեռնատարը բախվել է մարդատար ավտոբուսին, գրեթե կիսել այն՝ սպանելով 18 և վիրավորելով ավելի քան 6 տասնյակ մարդու: Բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը ողջ է մնացել, նա Հայաստանի քաղաքացի է, ով մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, որ փող հավաքի 21-ամյա որդու շիրմաքարի համար: Այս սոսկ տեղեկատվական նախադասությունների տակ մի ամբողջ ողբերգություն է, կամ ավելի շուտ՝ 19 ամբողջական ողբերգություն, որտեղ իրավական տեսանկյունից կան մեղավորներ և տուժողներ, ինչը սակայն որևէ կերպ չի արտացոլում մարդկային ողբերգության այդ ամբողջությունը:
Հայաստանի հասարակությանը ցնցել էր նախօրեին հրապարակված տեսանյութը, որտեղ հայ վարորդի հանդեպ խափանման միջոցը կալանք ընտրելու համար կանացի խալաթով, նվաստացուցիչ տեսքով էին տեղափոխել դատարան: Եվ դա ցուցադրում էին Ռուսաստանով մեկ, որտեղ այս օրերին, անկասկած, գրեթե կատաղած տրամադրություններ են թե՛ վարորդի, թե՛ ընդհանրապես, այսպես ասած, «եկվորների» հանդեպ: Եվ այս փոխադարձ տրամադրություններն ու բնորոշումները, ծայրահեղ մոտեցումները լիովին հասկանալի են: Այլ կերպ լինել չէր կարող: Սակայն միևնույն ժամանակ, իհարկե, խիստ անթույլատրելի է, որ մարդկային այս ողբերգությունը հասարակական մակարդակում վերածվելով ծայրահեղ դրսևորումների՝ Հայաստանի և Ռուսաստանի առանց այդ էլ խնդրահարույց հարաբերություններում առաջացնի նոր խնդիր, այն էլ՝ բավական վտանգավոր՝ հասարակական տրամադրությունների մակարդակում: Իսկ սրա համար անհրաժեշտ է, որ տեղի ունեցածի հանդեպ ադեկվատ լինեն երկու երկրների իշխանությունները:
Հասարակությունների պարագայում զգայական ռեակցիաները բնական են, այդ ամենը վտանգավորության աստիճանից զերծ պահելու պատասխանատվությունն իշխանություններինն է, ինչը սակայն, կարծեք թե, մինչև այս պահն այնքան էլ լավ չի կատարվում: Հանցագործությունը պետք է ստանա իր իրավական գնահատականն ու պատիժը, սա անհերքելի է: Մյուս կողմից, սակայն, անհերքելի է, որ եթե այս ամենը տեղի ունենա նվաստացումների այնպիսի ակտերով, ինչպիսին արդեն իսկ ցուցադրեցին ռուսական լրատվամիջոցները, ապա սա արդեն ոչ պակաս հանցագործություն կլինի արդեն հասարակությունների հանդեպ:
Ի վերջո, այս դժբախտ պատահարն էլ, ըստ էության, հանցագործության ծնունդ է: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստան է մեկնել, որովհետև նա Հայաստանում չէր կարող ունենալ աշխատանք, որը նրան կօգներ մխիթարվել որդու շիրմաքարի հարցը լուծելով: Իսկ նա աշխատանք չունի, որովհետև Հայաստանում աշխատանքի հնարավորությունները տնօրինում են իշխանությունն ու երկրի ռեսուրսները յուրացրած մի քանի մարդիկ, որոնք հասարակությանը նետում են ընդամենը փշրանքներ: Ըստ էության, հանցագործության զոհ է նաև Հրաչյա Հարությունյանի 21-ամյա որդին: Ինչպես մամուլում է գրվել, նա քաղցկեղից է մահացել, իսկ քաղցկեղն առաջացել է զինծառայության ընթացքում ստացած հարվածից: Այսինքն, մոսկովյան ողբերգությունն իրականում սկսվել է Հայաստանում, հայաստանյան հանցավոր իրականության մեջ, ու չնայած պատճառահետևանքային ուղղակի կապի բացակայությանը՝ ակնհայտ է, որ հանցանքը հանցանք է ծնում, և սա այդ դեպքն է, նաև վկայությունը, որ այդ արտահայտությունն ամենևին չունի միայն ուղղակի իմաստ: Մոսկվայում ընդամենը ողբերգության շարունակությունն է եղել՝ ստանալով ավելի մեծ մասշտաբներ և խլելով միանգամայն անմեղ մարդկանց կյանքեր՝ վերջնականապես խեղելով նաև հայաստանյան իրականության մեջ ողբերգություն ապրած ընտանիքի կյանքը: Եվ ամենացավալին նաև այն է, որ նման իրողություններ ծնող միջավայրերն են պահպանվում և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում:







































