Ամերիկացի երգիչ, Ռիհաննայի նախկին ընկեր Քրիս Բրաունը կարող է բանտում հայտնվել պայմանական ազատազրկման ռեժիմը խախտելու պատճառով: Վերջինս պայմանական ազատազրկման էր դատապարտվել Ռիհաննային ծեծելու համար՝ հայտնում է Associated Press-ը:
2009թ. Քրիս Բրաունը դատապարտվել էր 5 տարվա պայմանական ազատազրկման և 6-ամսյա հասարակական աշխատանքների՝ երգչուհուն ծեծելու համար:
Երեկ ամերիկյան դատարանը դատախազի միջնորդությամբ որոշում էր կայացրել չեղյալ հայտարարել պայմանական ժամկետը: Դրա համար հիմք էր ծառայել ճանապարհատրանսպորտային պատահարը, որ տեղի էր ունեցել այս տարվա մայիսին, երբ Բրաունը, հայտնվելով ՃՏՊ-ի մեջ, իրեն ագրեսիվ է պահել մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ապա թաքնվել վթարի վայրից՝ չթողնելով ապահովագրության ու վարորդական իրավունքների մասին տվյալներ:
Երաժիշտը դեռ ազատության մեջ է, քանի որ դատախազը չի պահանջել նրա կալանավորումը:
Հերթական դատական լսումը նախատեսված է օգոստոսի 16-ին: Բրաունի փաստաբանը վստահություն է հայտնել, որ երաժիշտը կկարողանա լուծել արդարադատության հետ կապված խնդիրները, և ամերիկյան իշխանությունները ստիպված չեն լինի նրան իրական պատիժ նշանակել:









































