Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել ֆինանսների նախկին նախարար Յորգոս Պապակոնստանտինին դատելուն՝ «Լագարդի» ցուցակի կեղծման համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդ ցուցակի հետ կապված նախկին նախարարին (2009-2011թթ.) մեղադրել են երկու հանցագործություններում՝ ծառայողական դիրքի չարաշահման ու փաստաթղթերի կեղծման և իր պարտականությունների խախտման մեջ:
Գաղտնի քվեարկությունն անցկացվել է մեղադրական յուրաքանչյուր կետի շուրջ: Առաջին կետին կողմ է քվեարկել 206 պատգամավոր, 42-ը դեմ են եղել, իսկ 18-ը՝ ձեռնպահ են մնացել: Երկրորդ կետին կողմ է եղել 166 պատգամավոր, դեմ` 34, ձեռնպահ՝ 67: Պարտականությունների խախտմանն ուղղված հետաքննության անցկացմանը կողմ է քվեարկել 220 խորհրդարանական, դեմ` 35, ձեռնպահ՝ 11:
Նրա ղեկավարման օրոք Հունաստանը դե ֆակտո սնանկացել է և ստիպված եղել ֆինանսական աջակցություն խնդրել ԵՄ-ից ու ԱՄՀ-ից: Նրան մեղադրում են, որ նա հետաքննություն չի անցկացրել Ֆրանսիայի այն ժամանակվա ֆինանսների նախարար Քրիստին Լագարդից ստացած՝ հարուստ հույների ցուցակով: Համաձայն Լագարդի ցուցակի՝ նրանք հաշիվներ ունեն HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղում: Հույն նախարարը ցուցակից հանել էր իր հարազատներին:
Նա խորհրդարանականների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ մեղավոր չէ, և որ դավադրության զոհ է դարձել:
Հունական ընդդիմությունը քննարկումների ժամանակ ցուցակը թաքցնելու մեջ մեղադրել է նաև երկու նախկին վարչապետներ Յորգոս Պապանդրեուին և Լուկաս Պապադիմոսին:






































