Պերուի դատախազությունը երկուշաբթի 7 ժամ հարցաքննել է երկրի նախկին նախագահ (2001-2006) Ալեխանդրո Տոլեդոյին: Գործի թիրախում նրա զոքանչի կողմից Լիմայում թանկարժեք անշարժ գույքի ձեռքբերումն է, որի բազմամիլիոնանոց արժեքը կոռուպցիոն կասկածներ է առաջացրել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հարցաքննությունից հետո նախկին նախագահը հայտարարել է, որ որևէ կապ չունի անշարժ գույքի հիշատակված գործարքի, ինչպես նաև բիզնեսի հետ, որով զբաղվում է իր զոքանչը՝ Բելգիայի քաղաքացի Եվա Ֆերնենբուգը:
Քանի որ ավելի քան 6 մլն դոլարը գերազանցող անշարժ գույքի երկու օբյեկտները ձեռք են բերվել Կոստա Ռիկայի բանկերի միջոցով,Պերուի իշխանությունները դիմել են այդ երկրին՝ անշարժ գույքը ձեռք բերած ընկերությունների հաշիվները սառեցնելու խնդրանքով: Տոլեդոյի հայտարարությունում նշվում է, որ ինքը կապ չունի Կոստա Ռիկայի հաշիվների հետ:









































