Նյու Ջերսիի Սեկոկուս քաղաքում ոստիկանը փրկել է տղամարդուն ընթացքի մեջ գտնվող գնացքի անիվների տակից։ Այս մասին հայտնում է ABC-ն։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին։ Տրանսպորտի հարցերով ոստիկանության աշխատակից Վիկտոր Օրտիզը հաղորդագրություն էր ստացել սպասահարթակում ոչ պատշաճ վարքով ուղևորի մասին։ Երբ տղամարդը «Ես չեմ գնա բանտ» ճիչերով ցատկել է ռելսերի վրա և սկսել վազել, սպան վազել է նրա հետևից՝ չնայած այն բանին, որ գնացքը շուտով պետք է ժամաներ։
Տեսնելով մոտեցող գնացքը՝ ուղևորը ծնկել է ռելսերին՝ ասելով. «Ես պարզապես մեռնել եմ ուզում»։ Օրտիզը նրան ձեռնաշղթա է հագցրել և փորձել քաշել, սակայն նա ակտիվ դիմադրություն է ցույց տվել։ Չնայած դրան՝ ոստիկանին հաջողվել է գնացքի ժամանումից մեկ վայրկյան առաջ ռելսերից դուրս բերել ինքնասպանության փորձ կատարող տղամարդուն։










































