Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի 29-ին: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն որոշում է ընդունել այսօրվա նիստում:
ԿԸՀ-ն նաև հաստատել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ըստ այդմ, պատգամավորի թեկնածուների առաջադրումը կսկսվի օգոստոսի 5-ին և կտևի մինչև 15-ի ժամը 18-ը: Գրանցումը կկատարավի օգոստոսի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում:
Նախընտրական քարոզչությունը կիրականացվի սեպտեմբերի 1-ից 27-ը: Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 19-ն է:
Հիշեցնենք, որ տվյալ ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Վահե Հակոբյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ:









































