Ուկրաինայի և Սիրիայի հարցով Ժնևում կայացած բանակցությունները եղել են կառուցողական։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ուրախ եմ Ժնև վերադառնալու համար և ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Սերգեյ Լավրովին մեր համատեղ աշխատանքի համար։ Բանակցություններն այսօր երկար էին և կառուցողական»,- ասել է Քերին։
Նա նշել է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է սիրիական ճգնաժամի հարցերի վրա, սակայն քննարկել են նաև այլ հարցեր, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում։
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը՝ օգնելու «մեռյալ կետից» շարժել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման գործընթացը։
Լավրովի խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կապի երկկողմ ուղին գործում է կանոնավոր կերպով, և այն կարող է օգնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման «նորմանդական» ձևաչափի ջանքերին:








































