Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն նշել է, որ հիասթափված է թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից, քանի որ Դորտմունդում բոլորը կարծում էին, թե ֆուտբոլիստը չի հեռանա ակումբից:
«Կարծում էինք, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիա»-ում: Բոլորս գրեթե վստահ էինք: Հենրիխը վատ տղա չէ: Նա չխաբեց մեզ`բառի ուղիղ իմաստով: Սակայն կա իրավիճակ, երբ յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում ասված խոսքը: Մեր խոսակցություններից միշտ կարելի էր ենթադրել, որ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Բորուսիա»-ում:
Մյուս կողմից, Մխիթարյանի տրանսֆերի դիմաց բավականին լուրջ գումար ստացանք: Ակնկալում էի, որ Հենրիխի իրավունքների վաճառքից 25 միլիոն եվրո կստանանք, բայց ավելի ուշ մենք ստացանք ավելի շահավետ առաջարկ: Մենք չունեինք այլ տարբերակ:
Ամեն դեպքում, հիասթափված էի, երբ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի «Բավարիա»-ի դեմ խաղում Մխիթարյանը վրիպեց 11 մետրանոց նշակետից: Սակայն ես չհիասթափվեցի, որ նա փոխեց ակումբային գրանցումը»,-WAZ-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:









































