Շիրակի մարզի Հովիտ գյուղում երեկ անցկացվեցին գյուղապետի արտահերթ ընտրություններ:
10 ձայնի տարբերությամբ հաղթել ՀՀԿ-ական Ավետիք Սերոբյանը: Նա հավաքել է 134 ձայն, իսկ առաջադրված գյուղի անասնաբույժը հավաքել է 124 ձայն: Գյուղում քվեարկելու իրավունք են ունեցել 394 մարդ, որոնցից քվեարկել են 262-ը, 26 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայությունների հարցերի բաժնի պետ Ռոբերտ Հարությունյանը՝ հավելելով, որ ամեն ինչ հանդարտ է անցել, միայն ժամանակ առ ժամանակ որոշակի լարվածություն է նկատվել․«Ձայներից էլ պարզ է, որ լարվածություն հնարավոր է լիներ, գյուղն այսպես ասած երկու մասին է բաժանվել»:
Ի դեպ հաղթող թեկնածուն առաջադրվել էր նաև նախորդ ընտրություններում, բայց պարտվել հանկարծամահ եղած գյուղապետ Սամվել Պետրոսյանին:








































