«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վարշավայի Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնի Հայաստանի և Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության հարցերով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սիմոն Անանիչը:
– Պարոն Անանիչ, Ձեզ հայտնի է, որ նոյեմբերին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում Հայաստանն ու ԵՄ-ն նախատեսում են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Որպես «Արևելյան գործընկերության» և ԵՄ մի շարք ծրագրերի իրականացման ակունքում կանգնած երկրի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-ին Հայաստանի ինտեգրման գործընթացի առաջին փուլը:
– Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը պետք է ուսումնասիրել երկու մակարդակներում: Առաջինը ֆորմալ է: Դա բաղկացած է տարբեր փաստաթղթեր ստորագրելուց, հռչակագրեր ընդունելուց և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին և երկկողմանի այցելություններին մասնակցելուց:
Երկրորդ մակարդակը վերաբերում է բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը, որը նշանակում է իրականացնել քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումներ: Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ լավ առաջընթաց է արձանագրել առաջին մակարդակում, բայց համագործակցությունը պակաս արդյունավետ է հարաբերերությունների երկրորդ մակարդակում:
Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի հաստատումն ու իրականացումը ԵՄ «Արևելյան գործընկերության» ամենակարևոր ձեռքբերումն է և ամենալավ առաջարկը, որը ԵՄ-ն կարող է առաջարկել իր հարևաններին: Եթե Հայաստանն ընտրի չստորագրել կամ ստորագրել՝ չիրականացնելով պահանջվող բարեփոխումները, կնշանակի, որ չի ցանկանում ինտեգրվել եվրոպական ընտանիքին: Նման սցենարի դեպքում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները լուրջ կվնասվեն: Ես նաև կարծում եմ, որ այդ դեպքում ԵՄ-ն երկարաժամկետ կտրվածքով կկորցնի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ:
– Հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներ, փորձագետներ հիմնավոր կասկածներ ունեն, որ Հայաստանը չի կարողանա դիմակայել Ռուսաստանի գործադրած ճնշումներին, տեղի տալով՝ չի նախաստորագրի կամ չի ստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Լուրջ կասկածներ կան նաև այն մասին, որ ներքաղաքական կյանքը կսրվի նոյեմբերին ընդառաջ՝ խոչընդոտելով համաձայնագրի ստորագրմանը: Ի՞նչ եք կարծքում այս կասկածների մասին:
– Վերջերս ՌԴ-ի կողմից գազի գնի բարձրացումը և բամբասանքները Ադրբեջանին զենք վաճառելու մասին ցույց են տալիս, որ Մոսկվան պատրաստ է ճնշել Հայաստանին՝ կանխելու համար Հայաստանի եվրաինտեգրացիայի ուղին: ՌԴ-ից Հայաստանի կախվածության ներկայիս մակարդակը ցույց է տալիս, որ Երևանը կդժվարանա արհամարհել Ռուսաստանի ճնշումները: Սա է պատճառը, որ բավականին շատ քաջություն և վճռականություն կպահանջվի որոշում կայացնելիս և Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը սահմանափակելիս:
– Հայաստանի համար ի՞նչ կնշանակի տեղի տալ ՌԴ ճնշումերին:
– Պետք է հիշել, որ «տեղի տալ Ռուսաստանի ճնշումներին» չի նշանակում, թե Ռուսաստանն իր ճնշման լծակները Հայաստանի նկատմամբ ապագայում չի օգտագործի:
– Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ գործընթացը շարունակվում է, շատերը լիահույս են, որ Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Բայց Հայաստանը պարտավորություն ունի Լեռնային Ղարաբաղի առջև: Ի՞նչ կարգավիճակ է նախատեսում ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի համար: Կա՞ն արդյոք նախադեպեր՝ ինչպե՞ս է վարվել ԵՄ-ն նման դեպքերում:
– Լեռնային Ղարաբաղի հարցը շատ առանձնահատուկ է: Սա որևէ ընդհանրություն չունի Մերձդնեստրի, Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի հակամարտությունների հետ, որովհետև այս հակամարտությունների դեպքում ԵՄ-ն ճանաչել է այս տարածքները Մոլդովայի, Վրաստանի մաս: ԼՂ-ն ոչ միայն ԵՄ-ի կողմից չի ճանաչվել Հայաստանի մաս, այլև նույնիսկ՝ Երևանի կողմից: Սա ավելի կդյուրացներ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրերի իրականացումը: Այս պահին ԵՄ-ն հետաքրքրված չէ կարևոր դերակատարություն ստանձնել ԼՂ հակամարտության գործընթացում՝ այդ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին թողնելով: Երևի թե երբ Հայաստանն ինտերգրվի ԵՄ շուկա՝ ստորագրելով Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիր ԵՄ-ի հետ, արդյունքում ավելի շատ ընկերություններ ներդրումներ կանեն Հայաստանում, բնականաբար՝ Եմ-ն էլ իր հերթին ավելի շահագրգռված կլինի Հայաստանի կայունությամբ և անվտանգությամբ: Ես նաև հավատում եմ, որ ասոցացումը ոչ միայն Հայաստանի նվիրվածությունն է ԵՄ-ին, այլև ԵՄ-ի նվիրվածությունն է Հայաստանին:
Երևանը կստորագրի համաձայնագիրը և, ինչը ոչ պակաս կարևոր է, կիրականացնի խորը բարեփոխումներ: Դա հեշտ չի լինի, բայց դա կլինի փոխհատուցում:











































