Գուանտանամո բանտի գրեթե բոլոր բանտարկյալները, որոնք մասնակցել են հացադուլին, կրկին սկսել են սնվել: Ինչպես հաղորդում է Russia Today-ը, այս մասին հայտարարել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները:
Նրանց խոսքերով` դա վկայում է պայմանների բարելավման մասին, իսկ դատապարտյալների փաստաբանները պնդում են, որ ոչինչ չի փոխվել:
Զինվորականները հայտարարել են, որ հացադուլին մասնակցող 102 բանտարկյալներից 99-ը կրկին սկսել են սնվել, ինչը կարող է նշանակել շուրջ կես տարի տևած հացադուլի ավարտ: Միևնույն ժամանակ, բանտում հայտարարել են, որ այն պաշտոնապես ավարտված կհամարվի այն դեպքում, եթե բանտարկյալները սնվեն մի քանի օր շարունակ` ստանալով կալորիաների նվազագույն անհրաժեշտ ծավալը:
Բանտի աշխատակից գնդապետ Սեմ Հաուսը նշել է, որ բանտարկյալները կլինեն բժիշկների վերահսկողության ներքո:
Միևնույն ժամանակ, փաստաբանները և իրավապաշտպանները կասկածում են, որ բանտի պայմաններն ավելի լավ են դարձել: Փաստաբան Դևիդ Ռեմեսը, որը ներկայացնում է բռնի կերակրման ընթացակարգին ենթարկված հինգ բանտարկյալների շահերը, նշել է, որ բողոքի ակցիայի վերջնական նպատակը բանտի փակվելն է:
Գուանտանամոյում հացադուլը սկսվել է 2013թ. փետրվարին ի նշան բողոքի բանտի անմարդկային պայմանների և այն բանի դեմ, որ շատ բանտարկյալներ այստեղ են գտնվում առանց դատի:









































