«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.
«Վերջերս մի զրույցի ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց՝ հասարակական կարծիք ստեղծողները արտահայտում են այսպես կամ այնպես, և իմ մոտ միանգամից հարց առաջացավ՝ իսկ կա՞ն արդյոք Հայաստանում նման մարդիկ: Ո՞ւմ կարելի է այդպես անվանել, որո՞նք են չափանիշները:
Եթե չափանիշը մասսայականությունն է, ապա այն լավ սնված երիտասարդը, որի մեծադիր պաստառները փակցված են ամենուրեք Երևանում, և որը հավանաբար կերգի Համալիրի լեփլեցուն դահլիճում, հենց նա է հասարակական կարծիքի առաջատարը, և եթե նա, ասենք, Եվրասիական միության մասին ինչ-որ բան ասի, «ժողովուրդը» կգնա նրա հետևից:
Բայց դա ակնհայտորեն այդպես չէ՝ պոպուլյար լինելը դեռևս չի նշանակում հասարակական կարծիք ձևավորել: Ես նույնիսկ չգիտեմ, թե նախկինում ովքեր էին դա անում: Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը որքանո՞վ էին ազդում հասարակական կարծիքի վրա: Որոշակի կրթված շրջանակներում որոնք, արդար լինենք, 1960-70- ական թվականներին ավելի լայն էին, քան հիմա, նրանք հեղինակություն էին, բայց ասել, որ ամբողջ Հայաստանն ապրում էր նրանց արտահայտած գաղափարներով, երևի չափազանցություն կլինի: Դա չափազանցություն չէ 88-ի «Ղարաբաղ» կոմիտեի ղեպքում: Բայց այստեղ էլ, ինձ թվում է, գործում էր հակառակ մեխանիզմը՝ հասարակական կարծիքն էր կերտել այդ մարդկանց, նրանք ոչ այնքան տանում էին զանգվածներին, որբան տարվում էին նրանց կողմից:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:











































