Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանում վերսկսվել է քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնությունների ալիքը, երբ օգոստոսի 12-ից սկսած՝ կալանավորվեցին մի շարք երիտասարդական ակտիվիստներ:
HRW-ն ընդգծել է, որ ակտիվիստները նախկինի նման մեղադրվում են թմրանյութերի պահպանման մեջ, ինչպես օրինակ Էլգիզ Գահրամանն է, որի փաստաբանին մեկ շաբաթ չեն թողել մոտենալ նրան:
Գահրամանը NIDA շարժման անդամ է: Նրան ձերբակալել են Բաքվի կենտրոնում և գրպանում իբրև թե հայտնաբերել են 3.3 գրամ հերոին: Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: HRW-ը հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը վերջին երեք տարում ակտիվորեն ճնշում է այլակարծությունը, բանտեր է նետում տասնյակ քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների, լրագրողների և կառավարության այլ քննադատների:
HRW-ն անդրադարձել է նաև օգոստոսի 12-ին «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջագարլիի կալանավորմանը, ով մեղադրվել է ապօրինի ձեռնարկատիրության ու ծառայողական դիրքի չարաշահման մեջ:
Ընդգծվում է, որ ReAl-ն ակտիվորեն դեմ է արտահայտվում առաջարկվող սահմանադրական ուղղումներին, որոնք վերացնելու են նախագահի թեկնածուից պահանջվող տարիքային նվազագույն շեմը, նախագահական լիազորությունների ժամկետը 5-ից հասցնելու է մինչև 7-ի, ինչպես նաև հավելյալ լիազորություններ է ընձեռելու նախագահին:
HRW-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել այդ բռնությունները, ազատել կալանավորվածներին և պահպանել ժողովրդավարության ոլորտում ստանձնած պարտավորությունները:











































