Վրաստանը պետք է շարունակի եվրաինտեգրումը: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Քիշնևում «Արևելյան գործընկերություն» երկրի առաջնորդների գագաթնաժողովից հետո:
Սաակաշվիլին շեշտը դրել է Վրաստանի եվրոպական ապագայի վրա: Նա խոսել է երկրում տեղի ունեցած բարեփոխումների և այն բարդությունների մասին, որոնց բախվել է Վրաստանը հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո:
«Անցած տարվանից Վրաստանում որոշակի բարդություններ են առաջացել: Հույս ունեմ, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում: Շատ ցավալի է, որ այժմ մենք խնդիրների մասին ավելի շատ ենք խոսում, քան նախկինում»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա զուգահեռներ է անցկացրել Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների միջև և ուշադրություն է դարձրել այն վտանգների վրա, որոնք երկիրն առանձնացնում են եվրոպական արժեքներից:
«Մենք դասեր ենք քաղում անցյալից: Չնայած մեր երկրում առաջընթացի թշնամիների գործողություններին՝ պետք է առաջ շարժվել և շարունակել ինտեգրումը, եվրոպական ապագայի և ժողովրդավարության կառուցումը»,- ասել է նախագահը:










































