Թեև արտաքին զարգացումները Հայաստանի շուրջ թեժանում են, այնուամենայնիվ պետք չէ մոռանալ, որ երկիրն ապրում է իր կյանքով, ներքին խնդիրներով, որոնք ըստ էության հանդիսանում են արտաքին որևէ հարցում երկրի դիմադրողականության առանցքային բաղադրիչ: Այսինքն, ինչպես էլ մենք դիտարկենք արտաքին զարգացումները, ելակետը ներքին կյանքի որակն է, փոխհարաբերությունները, օրինականության, արդարադատության միջավայրի ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար տնտեսական հնարավորությունները բոլորի համար:
Եթե այս հարցերում Հայաստանն առաջընթաց չի գրանցում՝ էական, հեղափոխական առաջընթաց, ապա արտաքին հարցերում Հայաստանի դիմադրողականության մասին խոսելն ավելորդ է: Իսկ այս առումով, ներքին կյանքում շարունակվում են զարգացումներ, որոնք ոչ մի կապ չունեն այն պահանջների հետ, որոնք Հայաստանի տարբեր մակարդակների իշխանությունների առաջ դնում են արտաքին խնդիրները՝ պահանջելով լրջագույն բարեփոխումներ երկրի ներսում: Իշխանությունները շարունակում են կայացնել որոշումներ, որոնցից բնակչության մոտ ընդամենը տարակույսն է ավելանում և պակասում է գրպանի պարունակությունը։
Ահավասիկ, նման որոշումներից մեկն էլ կարելի է համարել Երևանում այսպես ասած փողոցային վճարովի ավտոկանգառների ձևավորումը, որն այս օրերին բավական աղմուկ է հանել քաղաքացիների՝ վարարորդների շրջանում: Ինչպես հայտնի է արդեն, մրցույթով ընտրվել է մի կազմակերպություն, որն էլ իրականացնելու է այդ բիզնեսը: Իսկ բիզնեսն, իհարկե, լինելու է շատ եկմատաբեր՝ նկատի ունենալով կանգառների խնդիրը Երևանում և մեքենաների ավելացող քանակը: Իսկ եկամտաբեր բիզնեսները Հայաստանում ամենևին պատահական բիզնեսներ չեն, և նրանք ունենում են իշխանության մեջ կամ շատ մոտ գտնվող տերեր կամ հովանավորներ. սա Հայաստանի համար աքսիոմատիկ ճշմարտության պես մի բան է դարձել: Այնպես որ, իրավիճակն, այսպես ասած, բարեփոխելու կամ քաղաքակիրթ դարձնելու անվան տակ, իշխանությունները, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանն՝ իր միլիոնատեր քաղաքապետի գլխավորությամբ, հերթական շահութաբեր բիզնեսն են ապահովում ինչ-որ մեկի համար` տասնյակ հազարավոր քաղաքացիների կանգնեցնելով մի շարք խնդիրների առաջ:
Այն, որ Երևանում փողոցային կանգառների երևույթն ուներ կանոնակարգման կարիք, կասկածից վեր է, որովհետև մինչ այս էլ ինչ-որ անհասկանալի գրպաններ էին հոսում հսկայական գումարներ: Սակայն, կարգավորումն, ըստ էության, պաշտոնապես մոնոպոլիզացվում է, իսկ քաղաքացու համար մնում են անհասկանալի բազմաթիվ հարցեր: Նախ՝ կանգառները զգալիորեն արդեն գործում են, իսկ քաղաքացիները բավարար չափով իրազեկված չեն պայմաններից: Երկրորդ՝ ինչպե՞ս պետք է վարվեն այն շենքերի բնակիչները, որոնց բնակության վայրի դիմաց գտնվում է վճարովի ավտոկանգառ: Երրրորդ՝ ի՞նչ պատասխանատվություն է կրելու տվյալ ընկերությունը, եթե կանգառում մեքենային որևէ բան պատահեց: Մեկ այլ հարց է այն, թե ինչու քաղաքապետարանն ինքը չի իրականացնում ծառայությունը, այլ դա տվել է մասնավոր մի ընկերության: Ինչո՞ւ պետք է մասնավոր ընկերությունը հանրային տարածքների հաշվին, հասարակության հաշվին հարստանա, եթե այդ գումարը կարող էր ամբողջությամբ հանգրվանել քաղաքային բյուջեում: Թեև այս դեպքում, իհարկե, հարց է, թե որն է լավ, որովհետև Երևանի քաղաքապետարանն ու քաղաքապետը բյուջետային գումարները վերածում են պարզապես, այսպես ասած, դիզայնի՝ առասպելական գներով նստարաններ պատվիրելով և ցրելով Երևանով մեկ, կամ առասպելական գներով Երևանում այլ դիզայներական աշխատանքներ կատարելով:
Ընդհանրապես, փողոցներում վճարովի կանգառների ձևավորումը տարօրինակ պրակտիկա է: Երևանն ունի կանգառների կարիք, սակայն վճաևովի կանգառները պետք է լինեն մի շարք անվտանգության չափանիշներով հագեցած կառույցներ, ոչ թե հանրային տարածքներում առանց այդ էլ ապօրինի ձևավորված այդ վճարովի երևույթը պարզապես օրինականացվի, լեգիտիմացվի և դառնա, այսպես ասած, օրինական հարստության աղբյուր ինչ-որ մարդկանց համար: Սա ևս մի վկայություն է, որ Հայաստանի ներքին կյանքում շարունակվում է քաղաքականությունը, որի հիմքում հասարակության շահերը չեն, այլ` հասարակության գրպանի հաշվին եկամուտի լրացուցիչ միջոցները: Իշխանություններն այսօր շահագրգռված են նման նոր միջոցներ հայթայթելու հարցում, որովհետև ռեսուրսները նվազում են Հայաստանում, և նախկին բիզնեսներն այլևս եկամտաբերության առումով այն չեն, ինչպես կուզեին տերերը, և հարկ է գտնել հարստանալու նոր ճանապարհներ:








































