Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման մասին միջազգային համաձայնագրի նախագիծը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանին:
Փաստաթղթի համաձայն՝ 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի զոհվածների ընտանիքներին պետք է հատկացվի 20 միլիոն դոլարի փոխհատուցում, որը պետք է տեղի ունենա համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 աշխատանքային օրում:
Թուրքիան դիվանագիտական խողովակներով իսրայելական կողմին կիրազեկի բանկային հաշվեհամարի մասին, ուր էլ կուղղվեն միջոցները: Միջոցների բաշխմամբ կզբաղվի թուրքական կողմը, և Իսրայելի իշխանությունները պատասխանատվություն չեն կրի տվյալ հարցով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի խորհրդարանն այդ համաձայնագիրը հավանության կարժանացնի նախքան արձակուրդ գնալը:









































