ԱՄՆ-ի ապահովագրական ընկերությունները խոչընդոտում են դպրոցական անձնակազմին զինելու փորձերը՝ սպառնալով բարձրացնել տոկոսադրույքները կամ չեղյալ հայտարարել այն դպրոցների ապահովագրությունները, որոնք թույլ կտան իրենց աշխատակիցներին գաղտնի հրազեն կրել, հաղորդում է The New York Times-ը:
EMC Insurance Companies ապահովագրական ընկերությունների խումբը, որն ապահովում է Կանզաս նահանգի դպրոցների շուրջ 90 %-ի ապահովագրական պատասխանատվությունը, նամակ է ուղարկել իր գործակալներին այն մասին, որ այն դպրոցները, որոնք իրենց աշխատակիցներին թույլ կտան զենք կրել, կզրկվեն ապահովագրությունից: Նամակի համաձայն` նման որոշում է կայացվել «ընկերության ֆինանսական անվտանգությունը պաշտպանելու համար»:
Այս տարի ամերիկյան ավելի քան 30 նահանգների օրենսդիր մարմիններին ներկայացվել են օրինագծեր, որոնք ուսուցիչներին թույլ են տալիս պետական կամ մասնավոր դպրոցներում զենք կրել: Ամերիկյան յոթ նահանգներ ուսուցիչներին արդեն թույլ են տվել զենք կրել: Երեք նահանգներում` Կանզաս, Հարավային Դակոտա և Թեննեսի, օրենքն անցյալ ամսվանից ուժի մեջ է մտել:








































