Աշխարհի 34 երկիր, որոնցից 27-ը գտնվում են Աֆրիկայում, մթերային օգնության կարիք ունեն: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մթերային գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO):
Եռամսյակային զեկույցի վերջին հրատարակության մեջ կազմակերպությունը դիտարկել է այն գործոնները, որոնք ազդեցություն են ունենում մթերային անվտանգության վրա զարգացող երկրներում, և առանձնացվում են այն երկրները, որտեղ բացակայում է մթերային անվտանգությունը: Վերջիններից են, մասնավորապես, Սիրիան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Կոնգոն, Սոմալին, Սուդանը և Հարավային Սուդանը, Հյուսիսային Կորեան:
ՄԱԿ-ի մասնագետների տվյալներով՝ Սիրիայում շուրջ 4 միլիոն մարդ բախվում է մթերքի դեֆիցիտի հետ: Լուրջ անհանգստություններ են առաջացնում նաև հակամարտության գոտիները Սոմալիում, Սուդանում և Հարավային Սուդանում:
FAO-ն կանխատեսում է, որ մինչև 2030թ. Երկրի բնակչությունը ներկայիս 7 միլիարդից կդառնա 9 միլիարդ: Կազմակերպությունը զգուշացնում է, որ բնակչությանը մթերքով ապահովելու անհրաժեշտությունը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների սպառման և անտառահատումների՝ կենդանիների համար արոտավայրեր ստեղծելու նպատակով:
Միևնույն ժամանակ փորձագետները կանխատեսում են, որ 2013թ. ցորենի բերքը կմեծանա 6.8%-ով և կկազմի 704 միլիոն տոննա: Նոր կանխատեսումների համաձայն՝ բրնձի համաշխարհային արտադրությունը կմեծանա 1.9%- ով՝ հասնելով 500 միլիոն տոննայի: Այս կանխատեսումները նախնական են:











































