Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրել է նախագահի որոշումը, որի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիություն կստանան արտասահմանում բնակվող հայրենակիցները՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Նա նշել է, որ վերջին ժամանակներս Վրաստանի քաղաքացիությունից զրկվել են ավելի քան 10 հազար վրացի՝ այլ երկրների քաղաքացիություն ստանալուց հետո: Տվյալ անձինք ինչպես էթնիկ վրացիներ են, այնպես էլ Վրաստանի էթնիկ փոքրամասնություններ:
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նրանք կարող են Վրաստանի նախագահին դիմել քաղաքացիություն ստանալու համար:
«Վրաստանի նախագահը պատրաստակամ է վերոնշյալ անձանց առանց խոչընդոտների շնորհել Վրաստանի քաղաքացիություն»,- հայտարարել է Մանջգալաձեն:






































