2014-2016թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի գերակայություններից մեկը պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումն է: Այս տարի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների աշխատավարձի ֆոնդը մոտ 40 մլրդ դրամ էր, որը 2014-ին կաճի 24.6 մլրդ դրամով կամ ավելի քան 60%-ով:
Ամեն տարի պետական ծառայողների աշխատավարձի ֆոնդը մի քանի միլիարդ դրամով աճում է` պայմանավորված դրույքաչափի նկատմամբ հավելավճարների աճով ու օրենսդրությամբ պարտադիր այլ պահանջների կիրառմամբ: Դա հաշվի առնելու դեպքում ստացվում է, որ 2014-ին պետական ծառայողների աշխատավարձն աճելու է առնվազն 40-45%-ով: Շեշտենք կրկին, որ այդ 40%-ը լրացուցիչ աճն է, այսինքն` այն իր մեջ չի ներառում, ասենք` ստաժի աճի շնորհիվ քաղծառայողների աշխատավարձերի «բնական աճը»:
Պետական ծառայողների աշխատավարձի ոչ այնքան նշանակալի, սակայն նկատելի աճ նախատեսված է նաև 2015-ին և 2016-ին: Ընդ որում, եթե միջնաժամկետ ծախսերի ծրագրում 2014թ. աշխատավարձերի աճի տոկոսի վերաբերյալ տվյալները բացակայում են և դրա մասին կարելի է կարծիք կազմել բացարձակ թվերի համեմատությունից, ապա 2015-ի և 2016-ի համար կոնկրետ տոկոսներ են նշված: Այսպես` 2015-ին աշխատավարձի ֆոնդն ավելացվելու է 8.2 մլրդ դրամով, որը, ի թիվս օրենքի պահանջից բխող «բնական աճերի», ներառում է նաև պետական ծառայողների աշխատավարձերի 10% աճը: 2016-ին պետծառայողների աշխատավարձի ֆոնդն աճելու է 9.4 մլրդ դրամով, որը ներառում է աշխատավարձերի 13.6% աճը:
Աշխատավարձերի աճի հետևանքով պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերի բաժինը բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ կաճի: Այսպես` 2013-ի համար ծրագրավորված մակարդակի դիմաց (5.45%) պետական կառավարման համակարգի ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ծախսերի ամբողջ ծավալում 2014-ին կկազմի 6.9%, 2015-ին՝ 6.91% և 2016-ին՝ 6.8%: Կառավարման մարմինների պահպանման ծախսերի կազմում էլ կաճի աշխատավարձի տեսակարար կշիռը` այս տարվա 62.8%-ի փոխարեն եկող տարի կազմելով 73.7%, 2015-ին` 76.1% իսկ 2016-ին` 78.2%:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը աշխատավարձերի աճ էր խոստացել դեռևս այս տարվա հուլիսից: «Կառավարությունում լրջությամբ քննարկում են այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու հարցը, թոշակների բարձրացման հարցը»,- ասել էր նա` ընտրություններից առաջ նախագահական նստավայրում հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այդ պահին անհասկանալի էր, թե ինչպես են հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրանալու, եթե նման բան արդեն հաստատված 2013թ. բյուջեով նախատեսված չէր: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը շփոթել և աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ կայացված որոշման հրապարակման ամիսը (միջնաժամկետ ծախսերի ծրագիրը գրեթե միշտ հուլիսին է հաստատվում) աշխատավարձերի բարձրացման ամսի հետ էր խառնել: Ինչևէ, եթե կառավարությունը հավատարիմ մնա 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրին (իսկ սովորաբար հենց այդպես էլ լինում է) և մի քանի ամիս անց 2014թ. պետական բյուջեում 40-45% աշխատավարձերի աճ նախատեսի պետական ծառայողների համար, միջին աշխատավարձը հանրապետությունում 2014-ին իսկապես շոշափելիորեն կաճի:








































