Երեկ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի 5 գյուղերի բնակիչներ` Ծաղկաշեն, Արագած, Վարդենուտ, Արայի և Շենավան, փակելով Վանաձոր-Երևան ավտոճանապարհի` Ափնա գյուղի հատվածը, իրենց բողոքն էին բարձրացրել կենսաթոշակների վճարման` «Հայփոստի» նոր ներդրված ծրագրի դեմ: Բնակիչները պահանջում էին նաև «Հայփոստի» ղեկավարության մասնակցությունը, բայց տնօրինությունից այդպես էլ ոչ ոք չներկայացավ ցույցին:
Ըստ նոր ծրագրի` նշված գյուղերի բնակիչներն այսուհետև իրենց թոշակ-նպաստները ստանալու են շրջիկ մեքենաներից: Դրանք, յուրաքանչյուր գյուղում մնալով 90 րոպե, անկախ նրանից, թե քանի բնակչի կհասցնեն սպասարկել, շարժվելու են հաջորդ գյուղ: Մինչդեռ նախկինում գյուղացիներն իրենց թոշակը ստանում էին յուրաքանչյուր ամսվա սկզբին` ամսի 2-4-ը, գյուղերում գործող «Հայփոստի» փոստային բաժանմունքներից, որոնք այլևս չեն գործելու այդ նպատակով:
Թոշակների բաժանման նոր կարգի մասին «Հայփոստի» տնօրինությունը մի քանի ամիս առաջ էր տեղեկացրել գյուղապետերին, ինչին վերջիններս բացասաբար էին արձագանքել: Չնայած դրան` ծրագիրը ներդրվեց: Արդյունքում` գյուղացիները, որ ամեն ամսվա սկզբին արդեն ստացած էին լինում իրենց նպաստ-թոշակները, այս ամիս դեռ փող չեն ստացել: Խանութներում պարտքերը չեն կարողացել վճարել, նոր ապառիկ էլ չեն տալիս: Դրան գումարած գազի, լույսի թանկացումները, դեղորայքը, որ նույնպես թոշակով են գնում:
«Ինչո՞ւ ձեր պիլոտային ծրագիրը Երևանում չեք անցկացնում. մի թաղամասը 5-6 գյուղի չափ բնակչություն է, կանգնեք քաղաքում բաժանեք, ինչո՞ւ չեք անում, հենց գյուղերո՞ւմ պետք է պիլոտային ծրագիր անցնի»,- վրդովվում է Շենավանի գյուղապետ Աշոտ Ղազարյանը,- «80 տարեկան, 85 տարեկան, մեկը հիվանդ է, մեկը դրսում է, մեկը սարում է, մեկը դաշտում է, մեկը գործով տեղ է գնացել, 90 րոպեում որտեղի՞ց հասնի, գա ստանա ու նորից գնա իր աշխատանքին: Պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում 90 րոպեում 200 թոշակառու փող ստանա: 90 րոպեում իրենք նույնիսկ չեն հասցնի 5-10 թոշակառուի գրանցումները կատարեն. անձագրերն են ստուգում, ժամկետներն են նայում: Դա բավականին երկարատև աշխատանք է: Բացի այդ, ասել ենք` Հայաստանը բաց երկնքի տակ թանգարան է, բայց չենք ասել` ամեն սպասարկում պետք է բաց երկնքի տակ լինի: Ի՞նչ է նշանակում Ապարանի կլիմայական պամաններում` ձմեռ, անձևրոտ գարուն, ցուրտ աշուն, քաղաքացին մեքենայի մոտ կանգնի, դողդղալով ստորագրի, անձրևը գլխին թափվի` ինչ է որոշել են բացօթյա կարգով շարժական փոստային գրասենյակ լինի: Ձմեռը այստեղով տրակտոր չի անցնում, ո՞նց են բերելու թոշակ բաժանեն»,- ասում է գյուղապետը: Նրա համոզմամբ` սա «Հայփոստի» կադրային քաղաքականությունն է, նպատակն է` կադրերի կրճատման հաշվին ավելացնել սեփական եկամուտները:
Շենավանը մոտ 2000 բնակիչ ունի, որից 200-ը` թոշակառու, 50-ը նպաստառու է, որոնց 20-25 տոկոսն անշարժունակ մարդիկ են:








































