Չինաստանի հարավ-արևմուտքում Սիչուան մարզում սողանքի հետևանքով զոհվել է 12 մարդ, անհետ կորած է համարվում առնվազն 11-ը: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Սողանքը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ Դուցզյանյան քաղաքային շրջանի գյուղերից մեկում: Այն ոչնչացրել է 11 տուն: Աղետի շրջանի ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 2 քառ. կմ: Այդ շրջանից տարհանվել են 352 բնակիչ և 31 զբոսաշրջիկ:
Բնական աղետի հետևանքով զոհվածների թիվը հստակեցվում է: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Փորձագետների գնահատմամբ՝ գյուղի վրա իջած ցեխաքարային զանգվածը կազմում է շուրջ 1.5 միլիոն խմ:
Չինաստանի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևները մի շարք շրջաններում հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների:





































