Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանի դեմ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել` քաղաքապետի կողմից Լևիկ Մարյանին ծեծի ենթարկելու փաստով: Ըստ դատախազության` Սպիտակի բնակիչ, 71-ամյա Լևիկ Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ հուլիսի 9-ին Սպիտակի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գագիկ Սահակյանը ծեծել է իրեն: Ըստ այդմ` հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով… Ի դեպ, «Ժամանակի» տեղեկություններով` Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի ազգականն է:
«Եթե քրեական գործով ապացուցվի, որ ես մեղավոր եմ, իհարկե պատրաստ եմ պատասխան տալ: Եվ ցանկացած իմ արարքի համար պատասխան պատրաստ եմ տալ, բայց այստեղ նման որևէ պատասխանատվության խնդիր չկա, ընդամենը` հերյուրանքներ, բամբասանքներ և զրպարտանքներ են»,- «Ժամանակի» հարցին ի պատասխան` ինչպե՞ս է գնահատում իր դեմ հարուցված քրեական գործը և պատրա՞ստ է պատասխան տալ, երեկ ասաց Սպիտակի քաղաքապետը: Մեր հստակեցմանը, այսինքն` քրեական գործը հարուցվել է հերյուրանքի՞ հիմքով, Գագիկ Սահակյանն ասաց. «Հա, մարդու տված հայտարարության վրա քրեական գործ, ես կարծում եմ, մեր իրավապահ մարմինները իրավունք չունեն չհարուցեն: Եթե կա հայտարարություն, տվողի ինքնությունը պետք է պարզել` ով լինելը, ինչերի ա ընդունակ: Մարդը պետք ա ունենա շնորհք, դաստիարակություն»:
Ասել է թե` եթե մարդն անդաստիարակ է, նրան կարելի՞ է ապտակել` հարցրեցինք մենք: «Դուք արդեն համոզված եք, որ ես ապտակե՞լ եմ: Դա զրպարտանք է»,- հայտարարեց քաղաքապետը` հավելելով. «Ընդամենը խոսակցություն է եղել, հայհոյանքներ են եղել իր կողմից, հրավիրել ենք, ասել ենք, գնա նստի մեքենան, թող գնա ստեղից: Ինքը տարիքով մարդ ա, ես ո՞նց նրա վրա ձեռք կբարձրացնեի, կապտակեի: Շինարարական աշխատանքների հետևանքով փակվել էր իր ջրելու առուն: Էդ մարդու բոստանը ջրել էր պետք, ջրի առուն ճանապարհի շինարարական աշխատանքների պատճառով փակվել էր, մեղավոր էին քաղաքապետարանի աշխատակիցները` քաղաքապետի գլխավորությամբ, որոնք, իր մեկնաբանությամբ տականքներ, սրիկաներ են: Փոխանակ ես բողոքեմ, իր վիրավորանքների դեմ պատիվ պահանջեմ, ինքը գնաց բողոքեց»:
«Բա կարո՞ղ ա քաղաքապետն ասի` խփել եմ: Մի անգամ չի հարվածել, որ ասեմ մի անգամ հարվածելով բավարարվել ա էդ մարդը: Մի ուդառ էլ իր տեղակալն ա տվել»,-մեզ հետ զրույցում պնդեց սպիտակցի Լևիկ Մարյանը` շարունակելով. «Ես գնացել էի, նկարահանող խումբ էի բերել, որ սաղ ծառերս, կարտոշկես չորացել ա, ինքը, թե` դու քանի գլուխ ունես, որ նկարահանող խումբ բերես, սենց անես, նենց անես: Երկու հոգու ղրկել էր, մեկը տեղակալն էր: Ոչ թե մարդ են, այլ ժանդարմ են, ինձ ուտում էին, մորթում էին, մորթում, հետո ինքն եկավ, ինձ ասեց` արի ստեղ, ես ասեցի ես քո մոտ գալու բան չունեմ, ես քեզ ոչ կանչել եմ, ոչ էլ: Վազելով եկավ ու սկսեց տալը, զոռով ժողովուրդը ձեռից խլեցին, ես էլ վազեցի, մեքենայի մեջ մտա, սեկրետները քցեցի, թե չէ ինձ մորթում էին»:
Մեր դիտարկմանը, թե ոստիկանությունում ինքն ասել է, որ քաղաքապետն իրեն ապտակել է, ինքն ընկել է, Լևիկ Մարյանը պատասխանեց. «Գլխիս ա տվել, ես վայր եմ ընկել: Գլուխս ջարդել ա, գլուխս, սաղ գիշեր կոմպրեսների մեջ եմ ես, հիմա պառկած եմ: Հոր թայ մարդ եմ: Եթե չպատժվի, պիտի գամ նախագահի նստավայրը, ԱԺ նախագահի ու օմպուդսմենի մոտ, վերջում էլ` Եվրադատարան: Տունս կծախեմ, կգնամ, բայց նա պետք ա պատասխան տա»:
Իսկ Սպիտակի քաղաքապետի այն հայտարարությանը, թե ինքն է հայհոյել, վեճ է հրահրել, Մարյանը արձագանքեց. «Գլուխը պատովն ա տալի, հազար մարդ կա էնտեղ, որ ի՞նչ պիտի հայհոյեմ: Նա վախում ա իրա պաշտոնից ու իրա արածից»: Լևիկ Մարյանը պնդեց, որ ինքը վկաներ ունի: «Անպայման պիտի նստի, հեչ որ չէ` զա խուլիգանստվո` երեք տարի: Կամ պիտի գա մասսայի առաջ ներողություն խնդրի, կամ էլ պիտի նստի 3 տարի: Էնքան ա տվել գլխիս, աչքերիս առաջը սևանում ա»:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը մեր հարցին` կարծում եք քրեական գործը կհանգեցնի՞ պաշտոնանկության, պատասխանեց. «Ես չգիտեմ, որ քր.օր.-ի որ հոդվածն ա և մեղքը կապացուցվի, թե ոչ, համոզված եմ, որ չի ապացուցվի: Հնարավոր եք համարում, որ անմեղ մարդուն պաշտոնանկ անե՞ն: Ես կարող եմ ապացուցել իմ անմեղությունը»:











































